Այսօր սիրիահայերի խնդիրների մասին քննարկում էին կազմակերպել ՍԴՀԿ-ն եւ ՌԱԿ-ը: Քննարկումը սկսեց «Հայր մեր»-ով:
ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի խոսքերով՝ մեր պետությունից, ազգային մարմիններից չպետք պահանջել այնպիսի բաներ, որոնք նրանց կարողությունից, վերահսկողությունից դուրս են. «Լինենք ավելի գործնական, մատնանշենք սխալները, որ արեցինք»:
Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լեւոն Անտոնյանը պատմեց, թե նախարարությունն ինչ աշխատանքներ է կատարել՝ սիրիահայերին օգնելու համար, անձնագրեր են շնորհել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունում, որ կարողանային Սիրիայի տարածքը լքել. «Այս տարիների ընթացքում 21 հազար սիրիահայ է տեղափոխվել ՀՀ, այսօր կա մոտ 17 հազար սիրիահայ»:
Կարդացեք նաև
Քննարկման մասնակիցներն ասացին, որ սիրիահայերի մեծ մասը հակված է ՀՀ-ում չմնալու, մեծ հոսք կա դեպի Կանադա եւ Սկանդինավյան երկրներ, ի՞նչ է արվում այս ուղղությամբ: Լեւոն Անտոնյանը պատասխանեց. «Սա եղավ հանկարծակի, միգուցե պետությունը չէր սպասում»: Նա ասաց, որ սիրիահայերն ունեցել են որոշակի պատկերացումներ եւ հույսեր ՀՀ-ի նկատմամբ: Շատերը այնտեղի բիզնեսի կանոններով են փորձել շարժվել, որն այստեղ չի աշխատել. «Միգրացիոն հոսքերը բնորոշ են 21-րդ դարին ընդհանրապես: Մարդիկ, որոնք գնացին Կանադա եւ այլ երկրներ, նրանք ունեցան ավելի շատ դժվարություններ, քան այստեղ եկողները, որովհետեւ ի վերջո սա իրենց հայրենիքն է, իրենք այստեղ օգտվում էին քաղաքացու իրավունքներից, իսկ փախստականը որոշակի փուլեր պետք է անցնի Եվրոպայում, Կանադայում, որ ինտեգրվի իրենց հասարակության մեջ»:
ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն էլ դժգոհեց, որ սփյուռքի նախարարության արածը բավարար չէ. «Մեր Հալեպի երիտասարդները 20-30 տարեկան, որոնք լավ մասնագետներ են, այսօր բոլորը ռեստորաններում մատուցող են աշխատում: Դա ցավալի է, չպիտի՛ լինի դա: Սփյուռքի նախարարությունը կամ կառավարությունը պետք է տեղավորեն այս երիտասարդներին՝ իրենց մասնագիտությամբ աշխատելու: Ես չեմ ասում 1000-2000 դոլար աշխատավարձ տան, ո՛չ, բայց թող գոնե իրենց մասնագիտությամբ աշխատեն: Ուզում ենք երիտասարդական հավաք անել, չենք կարողանում, քանի որ բոլորը մատուցող են աշխատում: Ինչի՞ համար հայ երիտասարդը եկել է հայրենիք եւ մատուցող պիտի աշխատի: Չեմ ասում՝ դա աշխատանք չի, դա էլ է աշխատանք, բայց նախընտրելի է, որ սիրած աշխատանքը անեն: Սփյուռքի նախարարությունը պետք է այս հարցով օգտակար լիներ»:
Նա ասաց, որ սիրիահայության անունով աշխարհով մեկ բազմաթիվ դրամահավաքներ են կազմակերպվում. «Այդ գումարները, որ հավաքվում են, ո՞ւր են գնում»: Ըստ Մեսրոպյանի, օգնությունները հավասարաչափ չեն բաժանվում բոլոր դպրոցներին, կազմակերպություններին. «Ես բավարար չեմ գտնում այդ, հավասարաչափ չի՛ բաժանվում»: Նա թվարկեց այն կազմակերպությունների անունները, որոնք սիրիահայերի հիմնախնդիրներով են զբաղվում եւ ասաց. «Բոլորն էլ սնունդ կամ չգիտեմ ինչ օգնություններ են տալիս, բայց, ցավոք, այս 3-4 կազմակերպությունները իրար թշնամի ոնց որ լինեն: Մեկը մյուսին քարկոծում է՝ ես էս եմ արել, դու էն ես արել»: Նա սփյուռքի նախարարությանը կոչ արեց միավորել բոլոր օգնությունները 1 կենտրոնում:
Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Լեւոն Անտոնյանն էլ ասաց, որ միայն քննադատության սլաքներն ուղղվում են սփյուռքի նախարարությանը, մինչդեռ կառավարության մյուս մարմիններն էլ ամեն մեկը պետք է իր մասով զբաղվի այդ խնդրով: Ինչ վերաբերում է ֆինանսական օգնություններին՝ նա հայտարարեց, որ այդտեղ իսկապես լուրջ դժվարություններ ունեն. «Մենք ունենք կառավարելի եւ ոչ կառավարելի հոսքեր, որոնք պետության կողմից հնարավոր է վերահսկել եւ հնարավոր չէ վերահսկել: Մեզ համար կարեւոր են պետբյուջեից եկող հոսքերը Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կամ այն կառույցների կողմից, որոնք պետության հետ ցանկանում են մտնել բաց հարաբերությունների հետ»:
Նա ասաց, որ ցավոք, կան բազմաթիվ կազմակերպություններ, ՀԿ-ներ, որոնցից յուրաքանչյուրը ծրագրեր են իրականացնում եւ իրենց ծրագրերի մասին ֆինանսական հաշվետվություններ ոչ միայն սփյուռքի նախարարությանը, այլեւ առհասարակ հասարակությանը չի ներկայացվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ