Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արարատի մարզի մի շարք խաղողագործների

Նոյեմբեր 09,2016 13:12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ  համայնքների խաղողագործներին: Հանդիպմանը ներկա էին  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:  Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել  2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը:

Հանդիպման ընթացքում խաղողագործներին ներկայացվել է մանրամասն տեղեկատվություն  «Վինար» ՍՊԸ-ի և «Արմա Ալկո»-ի միջև  կոնյակի սպիրտի վաճառքի  իրականացման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վստահեցրել են, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գործընթացը կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում, և ամենաուշը մինչև տարեվերջ մարվեն բոլոր ֆինանսական պարտավորությունները:

«Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը մարվեն առավելագույնս սեղմ ժամկետում, և  նախարարությունը պատրաստ է իր իրավասության սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործընթացն առավել արագ ընթանա»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ  «Վեդի Ալկո»  ընկերությունը սպիրտի վաճառքի դիմաց ստացել է գումարի մի մասը՝ 54 մլն դրամը,   և այսօրվանից սկսել է   խաղողագործների պարտքերի մարման գործընթացը:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ և ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել համայնքապետերին` գյուղացիներին իրազեկելու նպատակով:

Նախարարը հորդորել է գյուղացիներին ցանկացած հարցի և դժգոհության դեպքում դիմել նախարարություն` վստահեցնելով, որ պատրաստակամ են ձեռնարկել բոլոր միջոցները խնդիրներին լուծում տալու համար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930