«Մտահոգիչ է, բայց զարմանալ պետք չէ: Զորավարժությունն ուժի ցուցադրում է, որին պետք է ճիշտ ձեւով արձագանքել, բայց չեմ կարծում, որ արձագանքը պետք է լինի ռազմական ոլորտում: Լուծումը պետք է լինի քաղաքական դաշտում, որտեղ Ադրբեջանի բացթողումները չեն օգտագործվում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով Ադրբեջանում նոյեմբերի 12-18-ը սպասվելիք զորավարժություններին, ասաց ԵՊԼՀ նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ որքանո՞վ եք համաձայն կարծիքի հետ, թե Ալիեւը ներկայումս պատերազմ սկսելու ավելի մեծ պատճառներ ունի: «Ալիեւը լուրջ համագործակցություն է սկսում Պակիստանի հետ, որը ատոմային զենք ունի: Սա լուրջ է եւ ցույց է տալիս, որ վերջինիս ռազմական ներուժը վտանգավոր է: Երեւի Ալիեւը կաշխատի ռազմական բալանսը փոխել հօգուտ իրեն: Ուստի հույսը դնել սպառազինությունների մրցավազքի վրա անիմաստ է»,-պատասխանեց Սուրեն Զոլյանը:
Նա նշեց, որ Պակիստանի հետ մասնավորապես բանակցություններ են ընթանում հրթիռների ձեռքբերման համար. «Դրանք ինչ-որ չափով համարժեք են «Իսկանդեր»-ներին: 500 կմ շառավիղ ունեցող հրթիռները հսկայական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»:
Փորձեցինք ճշտել՝ ի՞նչ է նշանակում՝ համարժեք են «Իսկանդեր»-ներին, սակայն Սուրեն Զոլյանն ասաց, որ դա մասնագիտական հարց է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո»-ի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը մեկնաբանել էր Ադրբեջանի կողմից Պակիստանից նշյալ հրթիռները ձեռք բերելու տեղեկատվությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ