Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դե իհա՜րկե, «միմիայն քաղաքական դրդապատճառ»… «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 09,2016 12:50

Շատ հետաքրքիր երեւույթ է մեկնաբանություն ասվածը: Նույն փաստի վերաբերյալ ինչ մեկնաբանություն ասես, որ չի արվի: Նայում ես՝ փաստը կոնկրետ է, ըստ որում՝ նույնը, բայց մեկնաբանություննե՜րը…

Նախ, անդրադառնանք երեկվա ասուլիսում ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ ու ժամանակին նաեւ Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանի այն արտահայտությանը, թե գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը միմիայն քաղաքական դրդապատճառ ունի:

Նա հայտարարեց. «Եթե սակագինը նվազեր մեկ տարի առաջ, ապա կհամարեի, որ իսկապես մտահոգ են: Բայց սա համարում եմ զուտ քաղաքական քայլ: Եվ մեկ մտահոգություն ունեմ, որ ընտրությունների ավարտից հետո նորից կփորձեն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել»:

Քաղաքագետ, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ այն կարծիքին է, թե՝ «Գազպրոմը» փորձում է «ջերմոցային պայմաններ» ստեղծել նոր կառավարության համար: Հասկանալի է, էլի նախընտրական զարգացումների ծիրին մեջ:

Նախ, փորձենք դիտարկել «նախընտրականի» պահը, չնայած օրերս առիթ ունեցանք այդ խնդրին անդրադառնալու: Ի վերջո, որեւէ ընտրությունից հետո, ամեն մի քաղաքական ուժի, առավել եւս՝ իշխանության քայլերը կարելի է բնորոշել որպես նախընտրական՝ նկատի ունենալով հաջորդ ընտրությունների հանգամանքը: Հիմա՝ եթե գազի սակագինը նվազեցվեր կես տարի, կամ ինչպես Վահագն Խաչատրյանն է ասում՝ մեկ տարի առաջ, դա, ի՞նչ է, չէ՞ր համարվելու որպես «նախընտրական» կամ «միմիայն քաղաքական դրդապատճառ» ունեցող: Առանց այլեւայլության, այդպես էլ կարվեր:

Սակայն մեկ-երկու «փոքր» հանգամանք կա: Նախ՝ սակագները, առավել եւս գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները վերանայվում են հիմնականում տնտեսական գործոնների, իրողությունների ազդեցությամբ: Տվյալ պարագայում արժե նկատի ունենալ գազի միջազգային գինը, ԵԱՏՄ շրջանակներում ու նաեւ հայ-ռուսական երկկողմ համագործակցությունը, նաեւ այն, որ դեռեւս նախորդ վարչապետի պաշտոնավարման շրջանում նույն «Գազպրոմի» հետ բանակցություններ էին սկսվել գազի գնի վերանայման շուրջ: Այսինքն՝ հենց այնպես չէր, որ «Գազպրոմը» մեկ էլ վերցրեց ու գազի գին է իջեցնում:

Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվեն իշխանությունները: Չնվազեցնե՞ն գազի սակագինը զուտ այն բանի համար, որ իրենց ընդդիմախոսները դա բնորոշելու են որպես նախընտրական կամ քաղաքական դրդապատճառ ունեցող քա՞յլ: Այսինքն՝ ընտրություններից հետո՞ գնան գազի սակագնի նվազեցման:

Ու դա ինչպե՞ս բացատրեն քաղաքացիներին: Ասեն, թե՝ գիտեք, իրականում ավելի վաղ կարելի էր գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել, բայց ձմռանը չարեցինք, որպեսզի ընդդիմախոսները հանկարծ ընտրությունների հետ չկապեն: Սակայն քաղաքացիները ոչ թե քաղաքական գործիչների հայտարարություններն են վառում, այլ գազ, էլեկտրաէներգիա:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Նոյեմբերի 9-ի համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930