«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան. »Ի՞նչ է ուզում անել Կարեն Կարապետյանը հարցն ինձ համար երեք մասից է բաղկացած՝ ի՞նչ է ուզում անել Կարեն Կարապետյան մարդը, ի՞նչ է ուզում անել Կարեն Կարապետյան վարչապետը, և ի՞նչ է ուզում անել Կարեն Կարապետյան քաղաքական գործիչը։
Սկսենք երրորդից, քանի որ այն ուղղակի գոյություն չունի։ Կարեն Կարապետյանը քաղաքական գործիչ չէ։ Նրա կողմից արվող արտահայտությունները քաղաքական ենթատեքստ չունեն։ Ընդդիմությունն ասում է, որ երկրում «բարդակ» է, Կարեն Կարապետյանն իր ելույթներից մեկում անուղղակիորեն հաստատում է դա՝ շենքի պայթեցման հետ կապված ասելով, թե տպավորություն է, որ քաղաքում ով ինչ ուզի՝ կանի։ Քաղաքական գործիչը ընտրում է՝ ինչ ձևակերպում տալ այս կամ այն բանն ասելիս, քանի որ իրենց ցանկացած ասելիք քաղաքականացված է։
Սա ընդամենը մեկ օրինակ է, բայց նույն սկզբունքով է կառուցվում վարչապետի ցանկացած հայտարարություն կամ տեքստ։
Անդրադառնալով երկրորդին՝ Կարեն Կարապետյանին՝ իբրև վարչապետ, նախ պետք է հասկանանք, որ Հայաստանում ցանկացած վարչապետ, ի վերջո, քաղաքական առումով գնդակահարման պատի տակ կանգնած մարդ է։ Վարչարարությունը խիստ կապված է գնացող քաղաքական պրոցեսների հետ։ Որևէ մեկը չի կարող բյուջեի մուտքերն ավելացնել, եթե չի կարող կանգնեցնել կոռուպցիան կամ պայքարել տնտեսական չարիքների դեմ։ Իսկ դա որևէ վարչապետ անել չի կարող, քանի որ, առնվազն, չունի լծակներ։
Կարդացեք նաև
Եվ վերջապես՝ որպես մարդ, ինչ-որ իմաստով, նույնիսկ վատ եմ զգում, որ նա եկավ, մտավ այս ամբողջի տակ։ Ընկալումն այնպիսին է, որ նրա նշանակմամբ, ի վերջո, ապահովվեց իշխանության վերարտադրությունը, եթե իհարկե դա տեղի ունենա»:
Լարա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում