Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու Արթուր Բաղդասարյանի առաջարկի մասին

Նոյեմբեր 09,2016 12:14

Երեկ իր 48-ամյակի օրը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական համագործակցության մասին հայտարարություն  է արել, որով քաղաքական համերաշխության կոչ է հնչեցնում ու խորհրդարանական ընտրություններից հետո իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու առաջարկ. «Ընդդիմադի՞ր ուժ է այսօր «Հայկական վերածնունդը», միանշանակ` այո, ծայրահեղակա՞ն ուժ է ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ `ոչ: Կարո՞ղ ենք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ` այո, իշխանության հասնելու համար կդիմե՞նք անձնական վիրավորանքների և վենդետաների, ապստամբության և արյունոտ հեղափոխության, միանշանակ` ոչ: 2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության և առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմե՞նք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնա՞նք հետընտրական դաշինքների, միանշանակ` այո»:

«Սահմանադրական բարեփոխումներից հետո կուսակցությունների դերն այլեւս մեծանում է, կոալիցիաներն այլեւս իրական են լինելու եւ կոալիցիայի, ավելի ճիշտ ազգային համաձայնության կառավարության վերաբերյալ, առաջինը շատ կարեւոր եւ հրապարակային կերպով խոսել է հանրապետության նախագահը: Մենք ՀՀ-ում լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք` հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանը պետք է գնա ոչ թե առճակատման, այլ համերաշխության, քաղաքական մշակույթի եւ կոռեկտության ճանապարհով: Ի՞նչ կլինի համապետական ընտրություններից հետո` կապրենք` կտեսնենք: Ջուրը չտեսած, չարժե բոբիկանալ: Ոչ ոք չի կարող ասել, թե ո՞ր կուսակցությունն ինչքան ձայն կհավաքի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի հնչեցրած տեսակետին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` բարձրաձայնելով սեփական տեսակետը, քանի որ կուսակցությունում այս հարցով քննարկումներ չեն եղել:

Նա, իհարկե, շնորհակալ է այն քաղաքական ուժերից եւ գործիչներից, այդ թվում նաեւ ընդդիմադիր, որոնք կարծում են, թե ՀՀԿ-ն է այն առանցքային ուժը, այն կուսակցությունը, որը կարող է իր գլխավորությամբ կոալիցիաներ կազմել: Բայց ընդգծում է, որ այդ մասին գործնական խոսակցություն կարող է լինեն բացառապես խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո: Իսկ գաղափարը, ՀՀԿ-ի համար ընդունելի է: Իրենք համերաշխության կողմնակից են:
Հարցին` քանի որ ընդդիմադիր դաշտում մտմտում են նաեւ նախընտրական կոալիցիաներ ստեղծելու տարբերակը, ՀՀԿ-ի շուրջ մերժո՞ւմ եք նախընտրական կոալիցիա ձեւավորելու հնարավորությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե նախընտրական ի՞նչ ձեւաչափով պետք է մասնակցի ընտրություններին: Դա կլինի Ամանորին մոտ կամ դրանից հետո: Բոլոր հարցերի պատասխաններն էլ այդ ժամանակ կհնչեն:

Բայց, հիշեցրեց, որ վերջին երկու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են եղել տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչներ: Հիմա էլ ՀՀԿ-ի ցուցակում են ՀՔԴՄ-ի, ՍԻՄ-ի, ԱՄ-ի, ՄԻԱԿ-ի, ԺԱԿ-ի, նաեւ տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

«ՀՀԿ-ն միշտ բաց է համագործակցության համար, եթե դրա հիմքում ծրագրային եւ գաղափարական այն հստակ տեսլականն է, որը մենք պատկերացնում են Հայաստանի ապագա զարգացման համար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930