Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը` Արթուր Բաղդասարյանին. «Մենք կողմ ենք համերաշխության եւ մերժում ենք բոյկոտը»

Նոյեմբեր 09,2016 11:52

«Նախ` Մամիկոն Ասլանյանն այլեւս Վանաձորի քաղաքապետ է, նրան ձայն են տվել 33 ավագանիներից 19-ը: Ուստի հարցականի տակ դնել Վանաձորի քաղաքապետի հետագա գործունեությունն՝ անհեթեթ եւ անիմաստ է: Երկրորդ` բոյկոտից տուժում են այն քաղաքական ուժերը, որոնք դա սկսել են: Դա եղել է եւ համապետական ընտրությունների մակարդակում, կլինի նաեւ Վանաձորի մակարդակում: Վանաձորցին ձայնը տվել է այս կամ այն թեկնածուին կամ կուսակցությանը, որպեսզի նրանք գնան եւ ի շահ վանաձորցու աշխատեն, ոչ թե նստեն իրենց բազկաթոռին, քաղաքական կապրիզներով շերլոկհոլմսություն անեն` բացահայտեն` ո՞ր չորսն են ընտրել, ո՞նց ստացվեց: Այնպես որ, ոչ թե պետք է բոյկոտել, այլ գնալ նիստերին, առաջարկություններ անել, վերահսկողություն սահմանել, ձեւավորել քաղաքային բյուջեն եւ աշխատել»,- սրանք այն սկզբունքներն են, որոնք ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, պետք է ելակետային ընդունել` Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար:

Հիշեցնենք, ընտրություններից հետո, բոլորի համար զարմանալիորեն քաղաքապետի պաշտոնում ընտրվելու անհրաժեշտ ձայները ստացավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Մինչդեռ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել այն մասին, որ սատարելու են ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին: Արդյունքում, քաղաքական այդ ուժերը բոյկոտում են Վանաձորի ավագանու նիստերը, ինչի արդյունքում հնարավոր չի լինում քաղաքի բյուջեն հաստատել եւ աշխատել:

Երեկ, իր 48-ամյակի օրը, «Հայկական վերածնունդի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը քաղաքական հայտարարությամբ  էր հանդես եկել: Դրանում անդրադարձ կա նաեւ Վանաձորում ստեղծված իրավիճակին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում՝ սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահն անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի այդ հայտարարությանն ասաց, որ դա միանգամայն առողջ առաջարկ է. «Անհամեմատ ավելի կառուցողական, քան այն, ինչ որ այսօր անում են Վանաձորում երեք քաղաքական ուժերը` «Լուսավոր Հայաստանի» գլխավորությամբ»:

Ըստ նրա, Արթուր Բաղդասարյանն այլընտրանք է առաջարկում. «Մարդիկ ստացել են որոշակի քանակությամբ ձայն: Ես այդպես հասկացա, որ առաջարկում են Վանաձորում իրենց բաժին պատասխանատվությունը վերցնեն եւ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ փորձեն ղեկավարել քաղաքը: Այդ հնարավորությունը տեսականորեն եւ գործնականում ես չեմ մերժում: Կլինի դա, թե` ոչ, ժամանակը եւ քննարկումները ցույց կտան, բայց ճիշտ ճանապարհը համագործակցությունն ու համերաշխությունն է, ոչ թե փոխադարձ մեղադրանքները եւ շանտաժի լեզվով խոսելը: Մենք մերժում ենք դա»:

Այս համատեքստում, իր թիմակիցներին արած Արթուր Բաղդասարյանի առաջարկը, ըստ ԱԺ փոխնախագահի՝ կառուցողական է, բխում է վանաձորցու շահերից, քան քաղաքում առկա իրավիճակն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930