Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Նոյեմբեր 09,2016 11:17

Ինչպես հայտնում են 2003 թ․-ից գործող Մոսկվայի երաժշտության միջազգային տնից (Московский международный дом музыки), որի բեմից հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Ջեսսի Նորմանը, Կիրի Տե Կանավան, Դենիս Մացուեւը, Ալեքսեյ Կոզլովը, Օլեգ Տաբակովը, Ալլա Դեմիդովան և ուրիշներ, և որի նախագահն է աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը, 2017 թ․փետրվարի  8-ին այնտեղ կկայանա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (НФОР –ՌԱՖՆ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլ․Սպիվակով) համերգը, որը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Սա, ինչ խոսք, մեծ հաջողություն է երիտասարդ հայ դիրիժորի համար, քանի որ, ըստ էության, ՌԱՖՆ-ը ՌԴ գլխավոր նվագախումբն է, ստեղծված անձամբ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ։

malkovich

Ահա թե ինչ է ասվում համերգասրահի տարածած տեղեկատվության մեջ մեր հայրենակցի մասին․ «ՌԱՖՆ վահանակի մոտ առաջին անգամ կանգնելու է 29-ամյա Սերգեյ Սմբատյանը՝ մի քանի բացառիկ համույթների ստեղծողը․Հայաստանի երիտասարդական նվագախումբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական նվագախումբ, «24/04» համաշխարհային նվագախումբ։ Սերգեյ Սմբատյանը ականավոր անձնավորություն է, վառ տաղանդ։ 13 տարեկանում նա դարձել է ջութակի մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր՝ Իտալիա, Ճապոնիա, Ռումինիա, սկսել է հանդես գալ որպես մենակատար աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները, այնուհետև՝ Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիան։ 2005 թ․, 18 տարեկան հասակում, ստեղծեց և գլխավորեց Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որը երեք տարի անց ստացավ պետականի կարգավիճակ։ 2016-ի ամռանը Ս․Սմբատյանը դարձավ «Դեբյուտ Բերլինի ֆիլհարմոնիայում» միջազգային մրցույթի հաղթող, ստանալով այդ փառապանծ դահլիճում Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու իրավունք ։ 2015-ի աշնանը Սմբատյանը առաջին անգամ ղեկավարեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը; ՌԱՖՆ-ի հետ հանդես է գալիս առաջին անգամ»։

Համերգի ծրագրում են Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը և Դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 1 կոնցերտը, նաև՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադա» սիմֆոնիկ սյուիտը։

Համերգի մենակատարն է միջազգային մրցույթների դափնեկիր, երիտասարդական «Տրիումֆ» մրցանակակիր, ՌԴ նախագահին կից Մշակույթի և արվեստի խորհրդի անդամ, շքանշանակիր դաշնակահար Եկատերինա Մեչետինան։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 21-ին, 22-ին և  23-ին Սերգեյ Սմբատյանը ղեկավարեց համույթը, որը նվագակցում էր աշխարհահռչակ հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչին վերջինիս Արգենտինայում անցած գրական երեկոների ընթացքում։

Գուրգեն Խաժակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930