Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի վերջին հույսը կամ վախեցեք Աստծո պատժից…

Նոյեմբեր 09,2016 10:55

Հույսը միշտ էլ վերջինն է մեռնում

 Հայաստանի ժողովուրդն այսօր այնքան օրհասական վիճակում է հայտնվել, որ ամենաչնչին հույսն անգամ նրան ոգևորում է, քանզի ստեղծված իրավիճակում այլ իրական այլընտրանքներ չունի: Շուրջ 25 տարի շարունակ, ժողովուրդը մշտապես իր հույսը դրել է նաև նոր եկող կառավարությունների վրա, հոգու խորքում փափագելով, որ գոնե այս մի կառավարությունը կարող է նոր հույսեր բերել, որոնք թեկուզ մասնակիորեն, կարող են կյանքի կոչվել: Փաստացի, այսպիսին է մեր ժողովրդի վերջին 25 տարիների կյանքի կորը:

Հույսը՝ այն էլ ժողովրդի, սպանելը տիեզերական մեղք է և դրա հեղինակներն իրենց ողջ շառավիղներով, հատուցման ժամին մեկիկ-մեկիկ պատասխան են տալու դժոխքում: Չեմ ցանկանում հուսադրել կամ հուսախաբ անել մեր երկրի անցած և ներկա կառավարիչներին, սակայն չեմ կարող նաև չբարձրաձայնել հետևյալի մասին. մեղավոր անձինք հաստատաբար այրվելու են դժոխքի քուլաներում: Ես իրավունք չունեմ ինձ համարելու ճշմարտություններ ախտորոշող, այնուամենայնիվ այդ բարձրաձայնումն անում եմ զուտ այն նպատակով, որպեսզի վայրկյան առաջ զգոնանան այդ էակները և ետ կանգնեն իրենց բռնած անմաքուր ճանապարհից:

Ուրիշների դժբախտության վրա երջանկություն կառուցելը՝ դա հաց չէ, որ նրանք ուտում են: Անկեղծ ասած, սա մի անվերջանալի թեմա է, մի մեծ փիլիսոփայություն, որի վրա այս պահին կոնկրետանալն ընթերցողին կշեղի ներկայացվող նյութի բուն ասելիքից, ուստի փորձեմ անցնել կոնկրետ ասելիքին:

Աստծո կամքով կամ այլ հանգամանքների բերումով, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Հայաստանն ունի նոր կառավարություն, որի հետ մեծ հույսեր է կապում ժողովուրդը: Այստեղ գերխնդիրն այն է, որ այս անգամ էլ հավատալով Կարեն Կարապետյանին, հանկարծ՝ բազմիցս անգամներ հիասթափված մեր ժողովուրդը ևս մեկ անգամ չկանգնի կոտրած տաշտակի առջև և ապրի հերթական հիասթափությունը: Ամենաառաձգական մարմինն անգամ վերջավոր անգամներ կարող է ծալվել և շարունակվելու դեպքում, անպայման մի օր կկոտրվի:

Իսկ որքան անգամ է հատկապես վերջին տարիներին ծալվել մեր ժողովուրդը և որքան անգամ կարող է ևս ծալվել ու չկոտրվել: Հարցի պատասխանը հստակ է. ամեն հերթական անգամը կարող է լինել վերջինը, ուստի անհրաժեշտ է ամեն գնով թույլ չտալ հերթականը, գուցե և, վերջինը…: Ի՞նչ է, այդ ուժերն անպայման ուզում են կոտրել ու դարձյա՞լ աշխարհով մեկ ցաքուցրիվ անել՝ արդեն ցաքուցրիվ եղած մեր ժողովրդին: Լավ, որքա՞ն պետք է դեգերումների հույսով ապրի տաղանդավոր և աշխատասեր հայ ժողովուրդը:

Փաստեմ միայն, որ եթե հանկարծ այս անգամ էլ կրկնվի նույն բանը, ինչն իր ուսերին արդեն մի շարք անգամներ կրել է ժողովուրդը, ապա թող ներվի ինձ, սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը, նվազագույնը՝ էլ հայ կոչվելու իրավունք չունի: Շանսը տրված է, խոստումը՝ նույնպես, հուսալով սպասում ենք արդյունքին:

Նոր բան ասած չեմ լինի, եթե բարձրաձայնեմ, որ տղամարդուն վայել է, երբ նա որևէ մեկին, առավել ևս՝ մի ողջ ժողովրդի, որևէ խոստում է տալիս, ապա հաջորդ քայլում պետք է արագ կողմնորոշվի, արդյոք ունա՞կ է տված խոստումը կատարել, թե՞ ոչ: Եվ երբ համոզվում է, որ չի կարող այն իրականացնել, ապա պարտավոր է վայրկյան շուտ ներողություն խնդրել ժողովրդից ու հայտարարել, որ իրեն թվում էր ինքն ի վիճակի էր կատարել խոստումը, ավելին՝ շատ ուզում էր այն կյանքի կոչել, սակայն հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին ու ինքն անզոր է ի կատար ածել տված խոստումը: Արդյունքում, նա այդ քայլով և իրեն կմաքրի, և ժողովրդին արագ կտեղեկացնի, որ իզուր հույսեր չկապի իր խոստումների հետ, քանզի ինքը միտում չի ունեցել ստելու, սակայն չի կարող իրականություն դարձնել տված խոստումը, որի արդյունքում էլ ժողովուրդը կփրկվի հերթական հիասթափությունն ապրելուց:

Պատմությունը վկայում է, որ ժողովուրդների հավատը կարող է մեկ ակնթարթում լրիվ հոդս ցնդել, իսկ այն վերականգնվելու համար գուցե և դարեր հարկավոր լինեն: Այնուամենայնիվ, քանի որ մեր կառավարման ողջ համակարգում հստակ և ճկուն համակարգեր չեն գործում, որի պարագայում կադրերի ճիշտ ընտրության նշանակությունը բազմապատկվում է, հավանաբար ավելի ճիշտ է, որ Կարեն Կարապետյանը փորձի կադրերի ընտրությունը կատարել ավելի լայն դաշտից՝ ողջ հանրությունից, որպեսզի ընտրությունը լինի ավելի հաջողված, որից էլ էապես կշահի կառավարման համակարգը, իսկ արդյունքում կշահեն և պետությունը, և ժողովուրդը:

Ասվածին զուգահեռ, նշեմ նաև, որ հանրության մեջ կան նաև շատ-շատերը, ովքեր այնքան էլ իրատեսական չեն համարում վարչապետի խոստումները և դա ոչ այն պատճառով, որ չեն հավատում նրան, այլ զուտ այն պատճառով, որ երկրի այսպիսի թալանված վիճակում (ցավոք սրտի, ժամանակն անցնում է, իսկ յուրացրած գումարների ետ վերադարձի կամ նմանատիպ այլ հարցերի ուղղությամբ կարծես երևացող՝ ռեալ քայլեր չեն արվում), եթե չարվեն մի շարք օպերատիվ և արտակարգ միջոցառումներ (ի նկատի ունեմ թեկուզ պետական կառավարման համակարգի օպտիմալացման հետ կապված այն միջոցառումները, որոնց վերաբերյալ առաջարկություններն «Առավոտ» թերթի էլեկտրոնային կայքում հղել էի վարչապետ Կարեն Կարապետյանին, որոնք, իհարկե, միակը չեն, սակայն այս փուլում դրանց այլընտրանք չկա), ապա երկնքից իջած հրեղենն անգամ, ունակ չի լինի իրականացնել այնպիսի արդյունավետ բարեփոխումներ, որոնք երկիրը դուրս բերեն կոլապսից:

Նորից եմ կրկնում. երկիր կառուցելը կամ ստեղծված վիճակից այն փրկելը, տիեզերական մոտեցումներ են պահանջում և եթե նույնիսկ կա նման հնարավորություն, ապա դա միակն է ու այս չափազանց խճճված՝ համարյա անլուծելիին մոտ իրավիճակը հնարավոր է փրկել միմիայն ազգովին:

Եթե ասվածին էլ ավելացնենք պետության գլխին մշտապես կախված դամոկլյան սրի՝ Արցախում լայնածավալ և բիրտ պատերազմի վերսկսման ռեալ վտանգը, ապա կառավարությանը սպասում են անասելի դժվարին իրավիճակներ, որոնցից պատվով դուրս գալը՝ առանց չափազանցության, պահանջում են տիտանական ջանքեր և հերոսական լուծումներ…

Հարգարժան կառավարություն, դու երկու ճանապարհ ունես. կամ պետք է պատվով լուծես քո առջև ծառացած խնդիրները, կամ անմիջապես հրաժարական տաս, քանզի մնացած ճանապարհներն ինքդ ես բացառել…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Հարգելի Անանիա Մաղաքյան
    Իսկ Դուք արդյոք չեք կարող նշել թեկուզ մեկ-երկու հանգամանք կամ պատճառ /ֆակտոր/, որը կարող է խանգարել Կ,Կարապետյանին իրականացնելու Հայաստանում բնակվող երկու միլիոն հայերիս երազանքի թեկուզ մի մասը:
    Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930