Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՏՄՊՊՀ-ը բացահայտել և կանխարգելել է շուկա մուտքի խոչընդոտի մի քանի դեպքեր

Նոյեմբեր 09,2016 10:33

«ԱրմենՏել» ընկերության կողմից հայտարարված մրցույթի պայմանները սահմանափակում են փոքր ընկերությունների գործունեությունը

ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմում-բողոք է ստացել «Տրանս-Սֆեր» ընկերությունից, որը վերաբերում է «ԱրմենՏելի» կողմից պահնորդական ծառայություններ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Մասնավորապես, «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն դժգոհել է մրցույթի կազմակերպման ընթացքից ու պայմաններից:

Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» կողմից սահմանվել են պահանջներ ոչ թե մրցույթի արդյունքում հաղթող ընկերության, այլ բոլոր մասնակիցների նկատմամբ, մինչդեռ նախապես պարզ չէ, թե որ մասնակիցն է հաղթելու այդ մրցույթում: Ստացվում է, որ որոշ ընկերություններ, մրցույթին մասնակցելու հնարավորությունը բաց չթողնելու համար ստիպված են լինում ներգրավել նոր աշխատողներ, կրել ֆինանսական ծախսեր, մինչդեռ դեռևս պարզ չէ վերջիններս այդ մրցույթում կհաղթեն, թե՝ ոչ: Բացի այդ, ուսումնասիրություններից պարզվել է, որ «ԱրմենՏելը» մրցույթներում սահմանում է նաև այլ պայմաններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն մրցույթի պայմանների հետ, սակայն կարող են ազդեցություն ունենալ ինչպես հաղթող ընկերության ընտրության արդյունքների վրա, այնպես էլ ոլորտում առկա մրցակցային պայմանների վրա:

Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» նման վարքագիծը, երբ նախապես կիրառվել են որոշակի սահմանափակող պահանջներ այն ընկերությունների հանդեպ, որոնք դեռևս չեն հաղթել մրցույթում, կարող է անհավասար պայմաններ ստեղծել դաշտում՝ մրցակցային առավելություն տալով անհամեմատ խոշոր և ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող ընկերություններին:

Հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերությանը զգուշացրել է ձեռնպահ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, ինչպես նաև վերոնշյալ խնդրի կարգավորման կապակցությամբ դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

 

Կամայական մոտեցման արդյունքում սահմանափակվել է դեղերի ներմուծմամբ զբաղվող «Վիտաֆարմ» ընկերությանդ գործունեությունը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ամփոփեց վարույթում գտնվող մի քանի գործեր, որոնք վերաբերում են շուկա մուտքի խոչընդոտների բացահայտմանն ու կանխարգելմանը:

Այսպես. Հանձնաժողովի վարույթում է գտնվում դեղերի ներմուծման ոլորտում գործող «Վիտա Ֆարմ» ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցված գործը : Տնտեսվարողը դժգոհություն է հայտնել ՀՀ Առողջապահության նախարարության և վերջինիս ենթակայությամբ գործող «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ կողմից մի շարք դեղերի ներմուծման և գրանցման գործընթացների առնչությամբ։ Ընկերությունը նշել է, որ վերոնշյալ կառույցների կողմից մերժվել են մի շարք դեղերի ներմուծումներ, իսկ մերժումները հակասում են ոլորտը կարգավորող իրավական ակտերին՝ ստեղծելով խոչընդոտներ դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն ծավալելու առումով։ Հանձնաժողովի կողմից իրականացված բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Վիտա Ֆարմ» ընկերության կողմից ներկրված դեղերի ներմուծումը մերժվել է՝ դրանք մեր երկրում գրանցված չլինելու հիմքով: Ընդ որում, հարկ է նշել, որ դեղերը ներմուծվել են ոչ անմիջական արտադրողի կամ վերջինիս ներկայացուցչի, այլ՝ «զուգահեռ ներմուծման» ճանապարհով:

ՏՄՊՊՀ-ը կարևորում է նաև այն հանգամանքը, որ «Վիտա Ֆարմի» կողմից ներմուծվող դեղերի ձեռքբերման գները միջինում շուրջ 3 անգամ ավելի ցածր են եղել մեր երկրում միևնույն դեղերի իրացման մանրածախ գներից, ինչը նշանակում է, որ դրանք կարող էին շուկայում իրացվել էականորեն ավելի ցածր գներով:

Հարկ է նշել, որ ՀՀ-ում գրանցված և «Վիտա Ֆարմի» կողմից ներմուծվող համանուն դեղերի միջև առկա են եղել փաթեթավորման ոչ էական՝ աննշան տարբերություններ, որոնք, որևէ կերպ դեղի ներմուծումը մերժելու հիմք հանդիսանալ չէին կարող: Օրինակ, չնայած այն հանգամանքին, որ ընկերության կողմից ներմուծվող «Գալազոլին 0.05 %» դեղամիջոցը, այս նույն անվանումով և նույն դեղաչափով գրանցված է մեր երկրում, սակայն ներկրման հայտը մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ գրանցված դեղորայքի վրա դեղաչափը (0.05%-ը) գրված է եղել տուփի վերևի մասում, մինչդեռ «Վիտա Ֆարմի» ներկայացրած տարբերակում՝ այն եղել է տուփի ներքևի մասում: Կամ ասենք, «Հալիքսոլ 3մգ/մլ, օշարակ 100մլ» դեղի արտադրող հանդիսացող ռուսական «ԷԳԻՍ» ընկերությունը վերակազմավորվել է՝ ԲԲԸ-ից դառնալով՝ ՓԲԸ, ինչը սակայն ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում չի արտացոլվել: Միայն այս հանգամանքը հիմք է հանդիսացել տվյալ դեղամիջոցի ներկրման արգելքի համար:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ, նման կամայական մոտեցումները խոչընդոտ են հանդիսացել տնտեսվարող սուբյեկտների համար, ինչի արդյունքում սահմանափակվել է տնտեսական մրցակցությունը և միաժամանակ սպառողին զրկել առավել մատչելի գներով դեղորայք գնելու հնարավորությունից: Վերոնշյալ խնդրի ամբողջական լուծման նպատակով ուսումնասիրությունների փաթեթն ուղարկվել է ՀՀ Առողջապահության նախարարություն:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930