Վայոց Ձորի Հերհեր գյուղում երեկ երեկոյան 55-60 տարեկան տղամարդ է այրվել ու մահացել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Հերհերի գյուղապետ Անդրանիկ Աբրահամյանը:
Ըստ գյուղապետի, այրված տղամարդը՝ գյուղի բնակիչ Պարույր Ղամբարյանն է: Նա այրվել է տան հարեւանությամբ գտնվող իրենց այգում տերեւներն այրելիս: Պարոն Աբրահամյանի տեղեկություններով, Պարույր Ղամբարյանը էպիլեպսիայով հիվանդ է եղել, եւ նախնական տվյալներով հենց այգում աշխատելիս նրա ուշքը գնացել է, ընկել այրվող տերեւների մեջ:
Այրված տղամարդուն, կրկին նախնական տվյալներով, գտել են հարեւանները՝ կնոջ խնդրանքով: Նա մի քանի անգամ զանգահարել է ամուսնուն ու անպատասխան հեռախոսազանգերից հետո հարեւաններին խնդրել օգնել գտնել ամուսնուն:
Պարույր Ղամբարյանին տեղափոխել են Վայքի հիվանդանոց, այնտեղից նրան տեղափոխել են Երեւան, բայց այրված տղամարդու կյանքը չի հաջողվել փրկել, նա մահացել է Արարատի ճանապարհին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ