Տարբեր առիթներով մասնագետները կարծիք են հայտնել, որ եթե Հայաստանն ունենար ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր կենտրոն, ապա արյան քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին: Այսօր արդեն այդ կենտրոնը կա: Երեկ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ լրագրողները շրջայց կատարեցին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան վերաբացված Արյունաբանական կենտրոնի շենքում, որը Հայաստանում ոլորտի միակ մասնագիտացված բժշկական հաստատությունն է:
Կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ Արյունաբանական կենտրոնը զբաղվում է արյան հիվանդությունների աշխտորոշմամբ եւ բուժմամբ` բժշկական օգնություն ցուցաբերելով տարեկան 1500 հիվանդի, այդ թվում՝ 400 երեխայի: Այս բուժհիմնարկի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք եւ ցողունային բջիջների լաբորատորիա, ինչը հնարավորություն կտա, որպեսզի արյան քաղցկեղով հիվանդ երեխաները եւ մեծահասակները բուժման համար ոչ թե արտերկիր մեկնեն ու հարյուր հազարավոր եվրոներ ծախսեն, այլ մնան ու բուժման կուրսն անցնեն Հայաստանում:
Տիկին Սարգսյանի ուղեկցությամբ լրագրողները նախ եղան նախկին բաժանմունքում, որտեղ բավականին անմխիթար վիճակ էր՝ այն համեմատության եզրեր չուներ արտասահմանյան համանման կլինիկաների հետ։ Մինչդեռ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց համար անհրաժեշտ են հիվանդանոցային իդեալական պայմաններ, հատուկ սնունդ, քանի որ բուժման կուրսն անցնելու ժամանակ մարդն անպաշտպան է դառնում յուրաքանչյուր վարակի նկատմամբ: Երեխաները բուժվում են փոքրիկ, սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ ու մռայլ սենյակներում: Տիկին Սարգսյանի ներկայացմամբ՝ այդ անմխիթար պայմաններում երեխաները երբեմն ամիսներ են անցկացնում։ Հին բաժանմունքում բացակայում են այն անհրաժեշտ պայմանները, որոնք հարկավոր են բուժումն արդյունավետ կազմակերպելու համար։ Բակից, խաղերից ու իր հասակակիցներից կտրված երեխաների համար չկա ոչ մի պայման, որպեսզի քիմիաթերապիայի եւ այլ բուժման կուրս անցնող երեխան այդ միջավայրում իրեն լավ զգա:
Կարդացեք նաև
«Միջավայրի փոփոխությունից արյան հետազոտության արդյունքները փոխվում են»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ռիտա Սարգսյանը` նշելով, որ վերաբացված կենտրոնում ամեն մանրուք հաշվի է առնվել, եւ երեխան ոտք դնելով այս կենտրոն՝ ոչ թե իրեն հիվանդանոցում է զգում, այլ հեքիաթում, քանի որ միջանցքների, հիվանդասենյակների, անգամ ճաշարանի պատերը երեխաների համար սիրելի հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսներով են նկարազարդված:
«Ես ինձ համարում եմ հայրենասեր, երբ մի լավ բան եմ տեսնում իմ երկրում, շատ եմ ուրախանում, եւ այսօր ես ուզում եմ այդ ուրախությամբ ձեզ հետ կիսվել»,- հին մասնաշենքից անցնելով վերաբացված Արյունաբանական կենտրոնի շենք՝ ասաց առաջին տիկինը: Ըստ նրա՝ այս հիվանդության բուժումը շատ ծախսատար է, առանց օգնության իրավիճակից կարողանում են դուրս գալ շատ քչերը։ Այդ իսկ պատճառով այստեղ բուժվող մեր մանուկների հիմնական մասը բուժումն անցնում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Տիկին Սարգսյանը գտնում է, որ հայ մանուկներին օգնությունը պետք է միահամուռ ուժերով լինի, որպեսզի որեւէ մեկը չզրկվի բուժվելու հնարավորությունից: Նա հաշվարկել է եւ պարզել, որ եթե ամիսը մեկ անգամ յուրաքանչյուրս 100 դրամ նվիրաբերենք այս գործի համար, ապա Հայաստանում արյան քաղցկեղ ունեցող բոլոր երեխաների համար բուժումը հասանելի կլինի:
Ըստ պարոն Դաղբաշյանի՝ լեյկոզը համարվում է թանկ բուժվող հիվանդություն, եւ զարգացած երկրներում այդ բուժման արժեքը սկսվում է 100-150 հազար դոլարից: Սակայն, ինչպես վստահեցրեց կենտրոնի ղեկավարը, մեզ մոտ այն մի քանի անգամ մատչելի կլինի:
Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ կենտրոնում ստեղծվել են նախկինում բացակայող մի շարք ծառայություններ: Մասնավորապես` մեծահասակների եւ մանկական ցերեկային ստացիոնար, որը հնարավորություն կընձեռի քիմիաթերապեւտիկ բուժում ստանալ առանց հոսպիտալացման` չկտրվելով բնականոն առօրյայից, աշխատանքից, ընտանեկան միջավայրից. «Կենտրոնի ժամանակակից բժշկական սարքավորումների զգալի մասը բացառիկ է իր նշանակությամբ եւ միակն է հանրապետությունում։ Այս ամենով հիմնովին կբարելավվի արյան ծառայության գործունեության անվտանգությունը»:
Նշենք նաեւ, որ Արյունաբանական կենտրոնի 6 բժիշկ-մասնագետ Գերմանիայի Դաշնության Համբուրգի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում վերապատրաստման դասընթացներ են անցել փոխպատվաստման, ցողունային բջիջների հավաքագրման, մշակման եւ պահպանման թեմաների վերաբերյալ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
08.11.2016