Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարորդը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որը նախապես կանխատեսելը կամ կանխորոշելն անհնար է» 

Նոյեմբեր 09,2016 14:30

Տրանսպորտային միջոցը հարկադրված կանգառ էր կատարել արգելված վայրում` տեխնիկական վիճակից ելնելով

ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքի 124 հոդվածը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելուն:

Վարչական դատարանում վարորդների դեմ տասնյակ գործեր կան, որում վիճարկվում են վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, առանց կանգառ կատարելու երթեւեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելը, երթեւեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը եւ այլն: Նշված են իրավախախտության հիմքերը, որոնք առաջացնում են պատասխանատվություն տուգանքների ձեւով:

Վերջերս ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հակոբ Ղավազյանի կողմից ՀՀ Ճանապարհային ոստիկանություն բերված բողոքը մերժվել էր: Փաստաբանն իր վստահորդին պաշտպանում էր արգելված վայրում կանգառ կատարելու համար արձանագրված վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով: Տրանսպորտային միջոցը հարկադրված կանգառ էր կատարել արգելված վայրում` տեխնիկական վիճակից ելնելով: Փաստաբանն իր ապացույցների հիմքում դրել էր մի շարք հանգամանքներ, ինչպես նաեւ երկու նախադեպային որոշումներ` ՀՀ վճռաբեկ դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 27-ի որոշումը, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանի 2015թ. հոկտեմբերի 28-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որտեղ արգելված վայրում հարկադրված կանգառ կատարած վարորդները հաղթել էին ճանապարհային ոստիկանությանը:

Հակոբ Ղավազյանն «Առավոտին» ասաց, որ վարչական մարմինը մերժել էր բողոքը՝ հավանաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասը փոփոխվելու հիմքով: Փաստաբանն ասում է. «Նախկինում այդ հոդվածը խմբագրված էր այսպես`«Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

Պարոն Ղավազյանը տեղեկացնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային որոշում կայացնելուց երկու ամիս անց իրավական ակտում կատարվել է փոփոխություն: Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե (ex offico): Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացված ապացույցներով, բացատրություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար` անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր եւ հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: «Իրավական ակտը վերջին խմբագրությունը հնարավորություն չէր տալիս իրավախախտման իրավաչափությունը շահարկելու դատարանում: Օբյեկտիվորեն, վարորդը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որը նախապես կանխատեսելը կամ կանխորոշելն անհնար է, տվյալ դեպքում վարորդը, անկախ իր կամքից, դառնում է իրավախախտ: Որքանով է սա արդարացված կամ որքանով է սա անհրաժեշտ, չէ՞ որ հարկադրված կանգառ չկատարելը կարող է վթարային իրավիճակի պատճառ դառնալ ավելի վատ հետեւանքներով:

Կարծում եմ, փոփոխությունն արդարացված եւ պատճառաբանված չէ: Ինչի հիման վրա է փոփոխվել այս նորմը, այն կարող էր փոխվել միայն օբյեկտիվ անհրաժեշտությունից: Օրենսդիրը սահմանել էր մի նախապայման` եթե դա կապված չէ տրանսպորտային միջոցի կամ վարորդի, կամ ուղեւորի առողջական վիճակի հետ, ոչ հենց այնպես, այլ ելնելով օբյեկտիվ անհրաժեշտությունից: Օրենքով տուգանք նշանակվում է մեղքի առկայության դեպքում եւ դրա ապացուցման պարտականությունը տվյալ դեպքում վարչական մարմնինն է: Կարծում եմ, հարկադրված կանգառ կամ կայանում կատարելու համար վարորդին տուգանելը չի բխում նույն օրենքի պահանջներից»,-ասում է զրուցակիցս: Ապա հավելում. «Ինչի հիման վրա պետք է փոխվեր օրենքի այդ հոդվածը, երբ օրենսդիրը սահմանել էր այն նախապայմանը ու սահմանել էր ոչ հենց այնպես: Օրենսդիրը ելել էր այլ նախադեպերից, ձեւավորված իրավահարաբերություններից, գտել էր, որ մարդը կարող է վթարվի, կանգնի, իսկ նման դեպքերում վարորդին տուգանել չի կարելի»:

«Առավոտի» հարցին, թե՝ իսկ այս հարցը մտադի՞ր եք վիճարկել Սահմանադրական դատարանում, փաստաբանը չբացառեց:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

08.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930