Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի «Ռիգոլետոն»՝ ռեժիսորի պատրաստած խամաճիկներով

Նոյեմբեր 09,2016 14:00

Օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Սուքիաս Թորոսյանի ռեժիսուրայով կրկին անդրադարձավ Վերդիի «Ռիգոլետո» օպերային, այս անգամ՝ համերգային թատերականացված ներկայացմամբ:

Հիշեցնենք, որ 2009թ. այս օպերան ներկայացվել է Ազգային օպերային թատրոնում:
Համերգային թատերականացված ներկայացմանը մասնակցեցին Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արական կազմը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Հերցոգ), սոպրանո Հասմիկ Թորոսյանը (Ջիլդա), բաս Սուրեն Շահիջանյանը (Սպարաֆուչիլե), մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը (Մադալենա), մեցցո սոպրանո Մարիամ Ալոյանը (Ջովաննա), բաս Ռիչարդ Մադլենյանը (Մոնտերոն), բարիտոն Գագիկ Վարդանյանը (Մարուլլո), բաս Պողոս Բիազբեկյանը (Չեպրանո), սոպրանո Սիլվա Պետրոսյանը (Կոմսուհի): Ռիգոլետտոյի դերերգով առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին: Իտալացի երգչին, որը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե չի հիշում որերորդ անգամ է հանդես գալիս Ռիգոլետոյի դերերգով, ներկայացնելու հարկ չկա, թեկուզ հենց այն պատճառով, որ նա իտալացի է ու կատարում է համերկրացու ստեղծագործությունը: Ընդ որում, օպերային թատրոնի մեներգիչներին էլ, որոնք հրավիրված էին այլ դերերգերի կատարման համար, նույնպես չենք ներկայացնի, նրանք քաջածանոթ են մեր հանդիսատեսին: Վերջինս հիանալի է ճանաչում նաեւ ֆրանսաբնակ Սուրեն Շահիջանյանին: Իսկ համերգային թատերականացված ներկայացման մասին համառոտ խոսելն անհրաժեշտ է:

rigoleto_2

Ռիգոլետո՝ Ջանպիերո Ռուջերի:

 

rigoleto_1

Լիպարիտ Ավետիսյանը՝ Հերցոգ եւ Հասմիկ Թորոսյանը՝ Ջիլդա:

Ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը, որը ֆիլհարմոնիկի հետ ժամանակին իրականացրել է համաշխարհային օպերային գրականության այլ գանձերից նույնպես, այս անգամ յուրատեսակ լուծում էր գտել: Ներկայացման հերոսները ներկայանում էին իրենց կերպարը բնութագրող խամաճիկներով, որոնք, պարզվեց, հենց ռեժիսորի ստեղծածն են: Մեկ կարեւոր հանգամանք եւս. ողջ ներկայացման ընթացքը միաժամանակ ցուցադրվում էր էկրանին: Ինչու ենք սա կարեւորում: Որովհետեւ ամֆիթատրոնում, աջ ու ձախ օթյակներում եւ թատերահարթակում գտնվող հանդիսատեսը էկրանի միջոցով հետեւում էր նաեւ ցանկացած մանրուքի՝ սկսած հենց մեներգիչների դիմախաղից:

rigoleto_3

Իր նվագախմբով շուրջ 15 տարի եւ ուղիղ 15 տարբեր օպերաներ ղեկավարած դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, բնականաբար, իր տարերքի մեջ էր: Նա «ընկել» էր դրամատիզմով, վառ կոնտրաստներով եւ հոգեբանական խոր ապրումներով Վերդիի երաժշտության գիրկը: Օպերասեր դիրիժորին հարց ուղղեցինք՝ արտասահմանում ի՞նչ օպերաներ է ղեկավարել: «Շատ…«Դոն Ժուան», «Պիկովայա Դամա», «Կախարդական սրինգը», «Տուրանդոտ», «Տոսկա» եւ այլն»,-նշեց դիրիժորը: Հավելեց նաեւ, թե այժմ բարիդրացիական- ստեղծագործական հիանալի հարաբերություններ է հաստատել օպերային թատրոնի տնօրենի եւ մշակույթի նորանշանակ նախարարի հետ, ինչից կարելի է ակնկալել, որ այսուհետ ֆիլհարմոնիկի օպերային նախագծերը կբեմադրվեն թատրոնում: Իսկ Ազգային օպերային թատրոնում «Ռիգոլետոն» առաջին անգամ բեմադրվել է 1937թ., բեմադրող դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, բեմադրող ռեժիսոր՝ Ի. Վոլչեկ: Վերդիի 28 օպերաներից մեր թատրոնի գործունեության ընթացքում բեմադրվել է 7-ը: Այսօր խաղացանկում են «Աիդան», «Տրուբադուրը», «Տրավիատան»:

suqias_torosyan

Ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը:

topchyan

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեներգիչների հետ:

2013թ., երբ աշխարհը նշում էր Վերդիի ծննդյան 200-ամյակը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի պրոֆեսոր, երջանկահիշատակ Ռաֆայել Հակոբյանցը գործընկերների եւ ուսանողների ուժերով անցկացրեց «Վերդիանա» փառատոն, որի ընթացքում հնչեցին մեներգեր, դուետներ Վերդիի՝ ոչ միայն մեզ հայտնի օպերաներից, այլեւ այնպիսի գործերից, որոնք աշխարհում էլ քիչ են բեմադրվում, այդ թվում՝ «Էռնանի», «Լուիզա Միլեր», «Ֆալստաֆ»: Ընդ որում, Ռ. Հակոբյանցի մտահղացմամբ մեր օպերային թատրոնում 1988թ.՝ Վերդիի ծննդյան 175-ամյակի առիթով ներկայացվել էր «Վերդիանա» թատերականացված գալա համերգը, ներառված կոմպոզիտորի 14 օպերաներից:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930