Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջին խմբի առաջնությունը, որին մասնակցած 14 շախմատիստներից երկուսը գրոսմայստեր էր, վեցը՝ միջազգային վարպետ:
Առաջնության արդյունքներով որոշվում էին ոչ միայն հաղթողն ու մրցանակակիրները, այլեւ՝ այն երեք շախմատիստները, որոնք իրավունք էին ստանում ուժերը չափել բարձրագույն խմբի առաջնությունում: Եթե առաջնության միջնամասից արդեն գրեթե պարզ էր, թե ովքեր են հավակնում հաղթողի կոչմանն ու երկրորդ տեղին, ապա երրորդ մրցանակակրի անունը հայտնի դարձավ միայն վերջին տուրում:
Մրցաշարում գերազանց հանդես եկավ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, որը տոնեց ութ հաղթանակ, երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի՝ կրելով երկու պարտություն: Ի դեպ, արտաշատցի պատանու համար սա այս մրցաշրջանում արդեն երրորդ խոշոր հաջողությունն է: Այս տարի 16-ամյա Հայկը, Եվրոպայի պատանիների առաջնությունում հանդես գալով մեկ աստիճան բարձր՝ 18 տարեկանների, տարիքային խմբում, բաժանել է 2-5-րդ հորիզոնականները, իսկ բոլորովին վերջերս Խանտի-Մանսիյսկում նվաճել 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Ամբողջ առաջնության ընթացքում կայուն մրցելույթով երկրորդ տեղն զբաղեցրեց միջազգային վարպետ, երեւանցի Տիգրան Հարությունյանը: Նա 13 հնարավորից վաստակեց 9,0 միավոր եւ հաղթողին զիջեց կես միավոր:
Դրամատիկ պայքարի արդյունքում որոշվեց երրորդ մրցանակակիրը: Բարձրագույն խմբի վերջին ուղեգրին հավակնում էին երեք շախմատիստներ, միջազգային վարպետներ Արման Միքայելյանը, 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Վճռորոշ տուրից առաջ Արմանն ու Մանուելը 7,5-ական միավորով բաժանում էին 3-4-րդ տեղերը սակայն Միքայելյանը լրացուցիչ գործակիցներով առջեւում էր: Այս երկու շախմատիստներին հասնելու տեսական հնարավորություն ուներ նաեւ 7.0 միավորով հինգերորդ տեղում ընթացող Հայրապետյանը, որի եւ Արման Միքայելյանի հանդիպումը որոշիչ դեր կատարեց եռյակի վերջնական տեսքն ապահովելու գործում: Մանուել Պետրոսյանն իրեն անհրաժեշտ մեկ միավորը վաստակեց Կարեն Հովհաննիսյանի հետ պարտիայում, որից հետո ամեն ինչ կախված էր Արման Միքայելյան-Հովիկ Հայրապետյան պարտիայում գրանցվելիք հաշվից: Երիտասարդ միջազգային վարպետը սկզբնախաղից հետո բավականին մեծ առավելություն ձեռք բերեց, սակայն հետագայում գործեց անվստահ ու ցավալի պարտություն կրեց: Արդյունքում մրցանակային երրորդ տեղը եւ երրորդ ուղեգիրը բաժին հասավ ստեփանակերտցի Մանուել Պետրոսյանին:
Ուրախացնում է, որ Հայաստանի պատանի ու երիտասարդ միջազգային վարպետներն արդեն սկսում են տոն տալ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային խոշորագույն առաջնություններում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
08.11.2016