Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւացած արծաթյա զարդերը մաքրեք ծխախոտի մոխրի եւ կիտրոնահյութի խառնուրդով

Նոյեմբեր 09,2016 12:30

Ոսկյա զարդերը փայլեցնելու համար երբեք սպիրտ չօգտագործեք

Արծաթյա կամ ոսկյա զարդերը, սպասքը որոշ ժամանակ հետո նորովի փայլի եւ թարմության համար անհրաժեշտ է իմանալ տնային պայմաններում մաքրման մի քանի պարզ կանոններ:

Շատերը գիտեն, որ արծաթե իրերը մաքրելու գործում կարտոֆիլն իրեն հավասարը չունի։ Կիսած կարտոֆիլով մաքրելուց հետո դրանք պետք է չորացնել բրդյա կտորով։
Եթե արծաթե սպասքը սեւացել է, ապա 10-15 րոպե հարկավոր է պահվի այնպիսի ջրում, որի մեջ կարտոֆիլ է եփվել։ Սեւացած արծաթյա զարդերը կարելի է մաքրել նաեւ ծխախոտի մոխրի եւ կիտրոնահյութի խառնուրդով։ Մաքրելուց հետո անհրաժեշտ է ցայել ջրով եւ չորացնել։

arcat-voski8-3

Սեւացած արծաթյա զարդերը հեշտությամբ մաքրվում են նաեւ, երբ կաթսայի հատակին ալյումինե փայլաթիթեղ` ֆոլգա դնեք, վրան տեղադրեք արծաթյա զարդերը եւ տաք, շատ խիտ աղաջուր կամ կալցիումական սոդա լցնեք մինչեւ լրիվ ծածկվելը։ 5 րոպե եռացնելուց հետո թողնեք, որ սառչի, այնուհետեւ զարդը հանեք ու փայլեցրեք։
Անուշադրի սպիրտի եւ ատամի մածուկի կամ կավճի խառնուրդով եւս կարելի է շփել սեւացած արծաթյա եւ արծաթաջրած իրերը, որից հետո լվանալ տաք ջրով:
Հազվադեպ օգտագործվող արծաթե սպասքը խնամքով պահելու համար շփել գլիցերինով եւ փաթաթել սեւ թղթով։

Արծաթեղենը չի սեւանա, եթե տուփի մեջ մի կտոր կավիչ դնեք:

Արծաթյա իրերը երկար ժամանակ խոնավ տեղում մնալուց պատվում են մուգ գույնի լաքաներով` բորբոսի հետքերով, որոնք մաքրելու համար պետք է սրբել 8 տոկոսանոց գոլ քացախի մեջ թրջած լաթով, հետո ողողել ջրով եւ չորացնել։
Արծաթապատ, արծաթյա եւ նիկելապատ իրերը լավ կփայլեն, եթե դրանք մաքրվեն անուշադրի սպիրտի լուծույթով` 1 լիտր ջրին 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտ, հետո լվանալ եւ սրբել փափուկ կտորով։

Արծաթե, նիկելե իրերը լավ կմաքրվեն նաեւ, եթե ջրին խառնեք սպրիտ։ Վերջինս լուծում է յուղը եւ ներկը։
Արծաթե եւ մելխիորե զարդերը մաքրելու համար օգտագործեք կերակրի սոդա։
Որպեսզի արծաթե զարդերը չսեւացնեն մաշկը եւ հագուստը, լվացեք մի քիչ անուշադրի սպիրտի եւ օճառաջրի խառնուրդով, ապա պատեք որեւէ անգույն եղունգի լաքով:

Ոսկե իրեր

Ոսկյա զարդերը փայլեցնելու համար երբեք սպիրտ չօգտագործեք: Դրեք զարդերը կափարիչով պալստմասսե փափուկ շշի մեջ, վրան լցրեք օճառաջուր եւ թափահարեք մի քանի անգամ, ապա ցողեք մաքուր ջրով եւ չորացրեք մաքուր կտորով:
Ոսկե մատանին կամ ականջօղերը կփայլեն, եթե դրանք որոշ ժամանակ թողնեք քաղցր ջրի մեջ։

voski
Ոսկյա զարդը կփայլի, եթե այն մաքրվի անուշադրի սպիրտի լուծույթով։
Ոսկյա իրերի վրայի յոդի հետքերը հեշտ կմաքրվեն, եթե 15-20 րոպե թողնվեն հիպոսուլֆիտի լուծույթի մեջ (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ), հետո լվացվեն մաքուր ջրով եւ չորացվեն։

Ոսկեզօծ զարդերի վրա օծանելիք չպետք է ընկնի, դրանից ոսկեզօծը կարող է թափվել։ Ոսկեզօծ իրերի մակերեսները կարելի է թարմացնել՝ 1 ճաշի գդալ 8 տոկոսանոց նատրիումի հիպոքլորիդի եւ ձվի սպիտակուցի խառնուրդով։ Կարող եք նաեւ շփել կտրած սոխով, այնուհետեւ փայլեցնել փափուկ կտորով։

Ոսկեզօծ շրջանակները սկզբում շփել սպիտակ հացի միջուկով, այնուհետեւ 1 թեյի գդալ սպիրտի եւ 2 թեյի գդալ անուշադրի սպիրտի խառնուրդով։ Որից հետո չորացնել կտորով մինչեւ փայլելը։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

08.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել