Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը առողջ ապրելակերպի արմատավորման եւ տարածման նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որը հենց նախարարության աշխատակիցների համար է:
Նախարարության շուրջ 20 աշխատակից աշխատանքային օրվա ավարտից հետո գնաց Խուլերի մշակույթի եւ սպորտի պալատի մարզադահլիճ՝ ֆուտզալ խաղալու: Նրանց մեջ էին նախարար Հրաչյա Ռոստոմյանը, աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, վարչության պետեր, նախարարի խորհրդականներ եւ այլ աշխատակիցներ:
Նախարարի խորհրդական Եղիշ Դավթյանն Aravot.am-ին ասաց հետեւյալը. «Օրերս նախարարը հանձնարարեց գտնել մի դահլիճ, որտեղ աշխատակիցները կարողանան զբաղվել սպորտով ու նաեւ անձնական օրինակով քարոզել առողջ ապրելակերպը: Այսօր առաջին մարզումն էր, բոլորս հաճույքով լավ հոգնեցինք ու լիցքաթափվեցինք: Սա նաեւ օգնում է նախարարության աշխատակազմում բարոյահոգեբանական մթնոլորտն ավելի ամրապնդել եւ վստահ եմ, որ կօգնի նաեւ ավելի լավ ու արդյունավետ աշխատել: Վստահ եմ, որ մեր մյուս աշխատակիցներն էլ աստիճանաբար կմիանան», – ասաց պարոն Դավթյանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ այս նախաձեռնությանը կհետեւեն մյուս նախարարություններն ու գերատեսչությունները եւ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի նաեւ միմյանց միջեւ տարբեր մարզաձեւերից ընկերական հանդիպումներ անցկացնել:
Կարդացեք նաև
Առաջին մարզմանը հետեւելու եկած կին աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե իրենք ե՞րբ են սկսելու մարզվել: «Շատ շուտով, կարելի է ասել՝ մոտ օրերս», – պատասխանեցին նրանք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ