ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական հերթական ընտրությունները. Քվեարկությանն արդեն մասնակցել են թեկնածուներ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը և Հանրապետական Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ակնկալում է դառնալ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահը, քվեարկել է Նյու Յորքի ընտրատեղամասերից մեկում՝ իր օգտին: Դեմոկրատական կուսակցության թեկնածուն քվեարկության է եկել ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ: «Ես գիտեմ՝ ինչ պատասխանատվություն կա սրա հետ կապված, որքան շատ մարդիկ են մեծ հույսեր կապում այս ընտրությունների արդյունքների հետ, և որքան շատ բան է սա նշանակում մեր երկրի համար, և ես կանեմ իմ ուժերի սահմաններում ամեն բան, եթե ինձ հաջողվի հաղթել այսօր»,- ասել է Հիլարի Քլինթոնը:
Քվեարկությանն արդեն մասնակցել է նաև Հանրապետական կուսակցության թեկնածուն՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Թրամփը իր երկնաքերից ոչ հեռու գտնվող նյույորքյան ընտրատեղամաս է ժամանել կնոջ՝ Մելանի Թրամփի հետ: «Կտեսնենք՝ ինչ տեղի կունենա, բայց լավ է երևում»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Նախընտրական վերջին հարցումները ցույց են տվել, որ Քլինթոնը շրջանցում է Թրամփին մոտ 3 տոկոսով և ոչ մեծ առավելություն ունի մի շարք առանցքային նահանգներում, որոնք կորոշեն ընտրությունների ելքը: Հարցումները նաև ցույց են տվել, որ Քլինթոնը մեծ հեղինակություն է վայելում կանանց, լատինամերիկացիների և աֆրոամերիկացիների, ինչպես նաև կրթական առավել բարձր մակարդակ ունեցող ընտրողների շրջանում: Ինչ վերաբերում է Թրամփին, նրան առավելապես պաշտպանում են աշխատավոր դասակարգի, գյուղական շրջանների ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր բարձրագույն կրթություն չունեն:
Մի շարք նահանգներում, որտեղ թույլատրված է արտահերթ քվեարկություն, արդեն քվեարկել է ավելի քան 46 մլն մարդ: Ակնկալվում է, որ այսօր ընտրություններին կմասնակցի 80-100 մլն մարդ: Երեքշաբթի երեկոյան (ԱՄՆ ժամանակով) հայտնի կլինեն ընտրությունների արդյունքները արևելյան նահանգներում, իսկ արևմտյան հատվածում քվեարկությունը դեռ կշարունակվի: Բոլոր 50 նահանգների և Կոլումբիայի շրջանի քվեարկության արդյունքները կհայտարարվեն այն բանից հետո, երբ կփակվեն բոլոր ընտրատեղամասերը:
ԱՄՆ 45-րդ նախագահը կփոխարինի Բարաք Օբամային, որն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է 2008թ. և Սպիտակ տանը հրաժեշտ կտա 2017թ. հունվարի 20-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ