Միքայել Վաչագանի Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտք տված դրամի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու նպատակով եւ վաշխառությունը որպես արհեստ օգտագործելով՝ 2015թ. հունիս ամսից մինչեւ 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց փոխառության պայմանագրի, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Խաչատուր Ծատուրյանին ամսական 20 տոկոս տոկոսադրույքով, պարտքով տվել է ընդհանուրը 254 հազար ՀՀ դրամ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ այդ 254 հազար դրամից 2016թ փետրվարի 29-ին Խ. Ծատուրյանը վերադարձրել է 100 հազար դրամ, Մ. Մաճկալյանին պարտք մնացել 500 հազար դրամ, որից 254 հազար դրամ մայր գումար եւ 246 հազար դրամ տոկոսադրույք: Մ. Մաճկալյանը մինչեւ 2016թ. մարտի 1-ը պետք է ստանար 346 հազար դրամ չհաշվառված եկամուտ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այդ հոդվածով բնութագրվող գործողությունը պատժվում է 400-600 հազար դրամ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Մ. Մաճկալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունն առաջիկայում կսկսվի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Նշենք, որ Այգեպարը սահմանամերձ է, Ադրբեջանին շատ մոտ է գտնվում, նախկին բանվորական ավանի բոլոր տները ադրբեջանական գնդակոծության թիրախ են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ