Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականի վստահված անձից պահանջում են նյութական ու բարոյական փոխհատուցում

Նոյեմբեր 08,2016 20:25

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը դիտորդի նկատմամբ բռնություն գործադրած ՀՀԿ-ականի վստահված անձ Վարդան Հակոբյանի քրեական գործի քննությունը:

Վարդան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 14 հասցեում գտնվող թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձ և ներկա գտնվելով քվեարկության ընթացքին, ժամը 17-ի սահմաններում բռնություն գործադրելով խոչընդոտել է նույն տեղամասում որպես «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ գրանցված Ռոմիկ Դանիալի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված լիազորության իրականացմանը:

Հակոբյանն ու իր պաշտպանը միջնորդեցին արագացված դատաքննություն անցկացնել, ինչի վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց տուժող «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ գրանցված Ռոմիկ Դանիալիի պաշտպան՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը, որ տուժողի պաշտպանը հասցնի գրավոր իր առարկությունները դատարանին ներկայացնել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի տասնմեկին:

Aravot.am-ը փաստաբան Դավիթ Գյուրջյանից հետաքրքրվեց, թե ինչու են առարկում արագացված դատաքննություն անցկացնելուն:

«Սխալ որակում է տրվել արարքին: Հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ, մենք դեռեւս ունենք քաղաքացիական հայց, որը պետք է ներկայացնենք դատարան, որի վերաբերյալ պաշտպանական կողմն իր դիրքորոշումը պետք է հայտնի, ընդունո՞ւմ է հայցը, թե՞՝ ոչ, եթե չի ընդունում, դա էլ անկախ հիմք է, որ առարկենք արագացված դատաքննության դեմ»,- ասաց պարոն Գյուրջյանը:

Ըստ նրա, խմբակային հարձակում է եղել իր պաշտպանյալի նկատմամբ, բայց, չգիտես ինչու, մեղադրյալի աթոռին միայն մեկն է հայտնվել. «Խմբակային հարձակում է  տեղի ունեցել, իսկ դա արարքի լրիվ այլ որակում է, քան հիմա է մեղսագրվում: Ամբաստանյալին հիմա մեղսագրվում է բռնության գործադրմամբ Ռոմիկ Դանիալիի լիազորությունների խոչընդոտման հանցակազմ: Չեմ ասում, որ իմ ասած որակումը ծանրացնում է արարքը, պատասխանատվության առումով հնարավոր է տարբերություն չլինի, բայց հարցը դա չէ: Եղել են բազմաթիվ հարձակվողներ, որոնցից, զարմանալիորեն, միայն այս ամբաստանյալն է  հայտնաբերվել, թեեւ գործում կան բազմաթիվ ապացույցներ առ  այն, թե քանի անձ է հարձակվել, թե ովքեր են հարձակվել: Մյուս հարձակվողների մեջ կան նաեւ հանձնաժողովականներ, վստահված անձինք, որոնց անունները բացահայտվել են, բայց նախաքննական մարմնի կողմից մեղադրանք առաջադրելու բավարար նախապայման չի գնահատվել: Եթե արագացված դատաքննություն իրականացվի, չենք կարող հասնել հանցագործության բացահայտմանը»:

Դավիթ Գյուրջյանը քաղաքացիական հայցով պատրաստվում է բարոյական ու նյութական փոխհատուցում պահանջել ամբաստանյալից. «Ռոմիկ Դանիալիի տեսանկարահանող սարքից գողացել են չիպը, որի վրա տեսաձայնագրված էր Հակոբ Դեխնավիի նկատմամբ կատարված բռնությունը, հենց դրա համար են հարձակվել Ռոմիկ Դանիալիի վրա ու խլել տեսախցիկը, չիպը չի վերադարձվել: Թեեւ նախաքննությամբ չի էլ հաստատվել, թե այս ամբաստանյալն է վերցրել, բայց մենք այս հայցադիմումը նրա դեմ կներկայացնենք, որովհետեւ մեր համոզմամբ, հենց ինքն է դա կատարել, փաստերն էլ անուղղակիորեն դրա մասին են խոսում»:

Նյութական ու բարոյական փոխհատուցման չափը Դանիալի պաշտպանը դեռ պետք է քննարկի իր պաշտպանյալի հետ. «Պետք է գնահատենք, հասկանանք՝ չիպի արժեքն ինչքան է, տուժողի հետ կքննարկենք բարոյական վնասի չափը, միայն նա պետք է ասի՝ ինչքան է գնահատում իր բարոյական վնասը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930