Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ Ադրբեջանում տնտեսությունը կաշխուժանա

Նոյեմբեր 08,2016 20:02

Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնտեսական կանխատեսումների համաձայն, 2016 եւ 2017 թվականներին այն տարածաշրջաններում, որտեղ ՎԶԵԲ-ը գործարքներ է իրականացնում, սպասվում է աշխուժացում եւ ցուցանիշների աճ` չնայած պահպանված լուրջ ռիսկերին:

ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիեւի մեկնաբանմամբ,
2016-ին` 2015-ի համեմատությամբ, Թուրքիայում տնտեսական աճը դանդաղել է` պայմանավորված Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձով:

Այդ միջադեպը պատճառ դարձավ, որպեսզի ֆոնդային շուկաների վարկանիշն ընկնի: Սպառողական ծախսերի վերականգնմամբ ու զբոսաշրջության ոլորտի աշխուժացմամբ, Թուրքիայում կանխատեսվում էր տնտեսական աճ, սակայն ռիսկի գործոնները մնում են նավթի գները եւ լարված իրավիճակը տարածաշրջանում: Անդրադառնալով Ուկրաինայի եւ Մոլդովայի տնտեսական վիճակին Սերգեյ Գուրիեւը նշում է, որ այս երկու երկրներում տնտեսական անկումը դադարել է եւ տնտեսությունը վերսկսել է աճել 2016 թվականի առաջին կիսամյակում: Այդուհանդերձ ՎԶԵԲ-ի տնտեսագետը գտնում է, որ Ուկրաինայի համար սուր խնդիր է մնում չվերադարձված վարկերը:

Ըստ, Սերգեյ Գուրիեւի Մոլդովայում տնտեսական աճի ցուցանիշներ ապահովվել է սպառողական տնտեսությունների գործունեության շնորհիվ:

Անդրադառնալով Ադրբեջանի տնտեսական վիճակին, ՎԶԵԲ-ի մասնագետը կանխատեսում է, որ 2017-ին տնտեսական աճը կվերականգնվի ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Բելառուսում: Ըստ նրա, այս երկու երկրներն էլ տուժել են` Ադրբեջանը նավթի գների անկումից, Բելառուսը` Ռուսաստանի տնտեսության անկումից: Ինչի հետեւանքով էլ 2016-ին միջին տնտեսական ցուցանիշները Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրներում վատթարացել են:

Կենտրոնական Եվրոպայի եւ Բալթյան երկրների տնտեսությունը շարունակում է աճել, այնուամենայնիվ այդ աճի տեմպը դանդաղում է` ներդրումների անկմամբ պայմանավորված: Մասնագետը գտնում է, որ այս տարածաշրջանի երկրները մեծապես կշահեն եվրագոտում էներգակիրների ցածր գների եւ վարկային մեղմ քաղաքականություն վարելու դեպքում:

Իրավիճակը Ռուսաստանում պարոն Գուրիեւի կողմից միանշանակ չի գնահատվում: Չնայած նրան, որ ազգային արժույթի արժեզրկումը եղել է հօգուտ այնպիսի ոլորտների ինչպիսիք ագրոբիզնեսն է եւ քիմիական արդյունաբերությունը, այդուհանդերձ ՎԶԵԲ-ի մասնագետի համար դժվար է երկարաժամկետ ներմուծման քաղաքականության մասին եզրահանգումներ անել: Փոխարենն այս երկրից կապիտալի արտահոսքը նվազել է, իսկ վարկերի ծավալը արտասահմանյան շուկաներում` մեծացել: Ըստ Սերգեյ Գուրիեւի, Ռուսաստանի վարած դրամավարկային քաղաքականությունը կենտրոնացած է գնաճի դեմ պայքարի գործին, որի նպատակը բյուջեի դեֆիցիտը սանձելն է:

Նշենք, որ Սերգեյ Գուրիեւի կանխատեսումներում Հայաստանը ներառված չէր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930