Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի տեսակցությունների սահմանափակման վերաբերյալ բողոքը:
Եղնուկյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց մեղադրանքի դեմ իր փաստարկները:
«Մանրամասն ներկայացնում ենք մեղադրանքի անհեթեթությունը, որ դատարանը տեսնի ու գնահատական տա, որ ոչ միայն այդ մեղադրանքն է անհիմն, այլեւ անհիմն ու անհեթեթ է քննիչի որոշումը՝ իմ պաշտպանյալին արտաքին աշխարհից կտրել՝ սահմանափակելով նրա տեսակցությունները»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Ըստ նրա, Կարո Եղնուկյանին մեղադրանք են առաջադրել զինված խմբին օժանդակելու, պատանդներ պահելու համար, մինչդեռ զինված խմբի առաջնորդ Պավել Մանուկյանին կամ զինված խմբի որեւէ այլ անդամի մեղադրանք չեն առաջադրել պատանդներ պահելու համար. «Այսինքն, ինչպե՞ս է ստացվում՝ չկա հանցագործություն կատարողը, բայց կա հանցագործության օժանդակողը: Մյուս կողմից՝ Կարո Եղնուկյանին առաջադրված 219 հոդվածով մեղադրանքը նույնպես անտրամաբանական է, իմ պաշտպանյալին մեղադրում են շենք-շինություն զավթելու ու պահելուն օժանդակելու համար, մինչդեռ «Սասնա ծռերի» որեւէ անդամի մեղադրանք չի առաջադրվել շենք-շինություն զավթելու, պահելու համար: Այսինքն, կրկին Կարո Եղնուկյանին մեղսագրվում է հանցագործության օժանդակելը, բայց չկա հանցագործություն կատարողը: Իմ պաշտպանյալի նկատմամբ հատուկ, ընդգծված վերաբերմունք կա: Վերջին չորս տարիներին նրա նկատմամբ բավականին խիստ մոտեցում է եղել իշխանությունների կողմից: Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալ ու քաղհալածյալ է, դրա համար է քննիչը որոշել սահմանափակել նրա իրավունքները»:
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի, Կարո Եղնուկյանին մեղադրում են նաեւ տեղեկություններ տարածելու մեջ, բայց կրկին անհիմն մեղադրանք. «ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով ու օրենքներով երաշխավորվում է, որ քաղաքացին ազատություն ունի ցանկացած տեղեկատվություն հրապարակել, քաղաքացին ազատություն ունի ցանկացած տեղեկատվություն տարածել իր նախընտրած միջոցներով եւ անկախ սահմաններից, եւ քաղաքացին ազատություն ու իրավունք ունի կազմակերպել հավաքներ, ցույցի մասնակիցներին իրավունք ունի ուղղորդել այստեղից այնտեղ տեղաշարժվել: Կարո Եղնուկյանը հերքել ու հրաժարվել է իրեն մեղսագրվող գործողություններից, նա հայտարարել է՝ նման գործողություններ չի կատարել, բայց եթե նույնիսկ կատարած լիներ, միեւնույնն է՝ դրանք չեն կարող հանցագործություն համարվել, որովհետեւ երաշխավորված են օրենքներով ու Սահմանադրությամբ:
Պետության ուղղակի պարտավորությունն է երաշխավորել ու միջոցներ ձեռնարկել, որ քաղաքացիներն այս իրավունքներն անարգել իրականացնեն: Մեր պարագայում չկատարած գործողությունների համար նույն պետությունը մեղադրանք է առաջադրում Կարո Եղնուկյանին, բայց հավաք կազմակերպելու միջոցով հնարավոր չէ օժանդակել հանցագործությանը: Մեղադրանքն անհիմն է, Կարո Եղնուկյանը նման բան չի կատարել, սա հաստատվում է մինչեւ հիմա ներկայացված ապացույցներով»:
Փաստաբանն անդրադարձավ իր պաշտպանյալի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանն ու շարունակեց. «Հինգ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արձանագրություններ կան, հինգից երեքը Կարո Եղնուկյանը խոսում է կնոջ հետ, խոսում են այդ օրվա հրատապ թեմայից, այդ թեմայով այդ օրերին խոսում էին ՀՀ բոլոր քաղաքացիները: Խոսակցություններում որեւէ ձեւով չի հաստատվում մեղադրանքը, ընդհակառակը հերքվում է մեղադրանքը, որովհետեւ խոսակցությունից լսում ենք՝ ինչպես է կնոջն ասում՝ հանկարծ չտարածեք տեղեկություն»:
Դատական նիստը այսօր հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի երեսունին:
Կարո Եղնուկյանն առարկեց, թե դատարանը միտումնավոր ձգձգում է նիստը, դատարանը ուղղեց՝ հետաձգում է:
«Դուք ասեք հետաձգել, ես ասեմ՝ ձգձգել… արդյունքում մինչեւ դեկտեմբերի վեցը քննիչի որոշմամբ զրկված եմ լինելու տեսակցություններից»,-ասաց պարոն Եղնուկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ