Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տրվեց Հայաստանի դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի համայնքային (երեւանյան) երկրորդ փուլի մեկնարկը, որին ներկա էին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ օլիմպիադայի մշտական հովանավոր ՀԲԸՄ-ի գործադիր տնօրեն Դալար Գազանչյանը:
Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային եւ հանրապետական: Վերջինի հաղթողը իրավունք է նվաճում մասնակցելու Ռուսաստանում անցկացվող «Սպիտակ նավակ» ավանդական միջազգային մրցաշարին:
Ողջունելով օլիմպիադայի 2-րդ փուլի մասնակից դպրոցական շախմատիստներին՝ Սմբատ Լպուտյանը նշեց, որ այս օլիմպիադան տարեցտարի դառնում է շատ ավելի հետաքրքիր ու ավելի ցանկալի «Ձեզ ցանկանում եմ ստեղծագործական լավ օր եւ հաղթողը թող անցնի հաջորդ փուլ», – ասաց Ս. Լպուտյանը: Նախարար Լեւոն Մկրտչյանը քաջառողջություն մաղթեց բոլոր երեխաներին: «Այստեղ սկսվում է ձեր մեծ ճանապարհը: Շատ կարեւոր է տարիքային այս խմբերի (մինչեւ 14 տարեկաններ) ներկայությունն այս մրցաշարում, որը մասսայական սպորտի զարգացման ուղղություններից մեկն է», – ասաց նախարարը եւ ներկա լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արդեն 11-րդ անգամ անցկացվող այս օլիմպիադայի սկիզբը տրվել է առաջին փուլում շուրջ 15 հազար երեխաների մասնակցությունով: Շախմատը ոչ միայն սպորտ է, այլեւ կամք է, դաստիարակություն, գիտելիք: Եվ երբ երեխաները մտնում են այս ձեւաչափի մեջ, լավ քաղաքացիներ են դառնում: «Ես ուզում եմ, որ բոլորս սա կարեւորենք ու հասկանանք, որովհետեւ երկիրը չի կարող օլիմպիական հերթափոխ ունենալ, եթե մասսայական սպորտ չլինի՝ հազարների ներգրավմամբ», -ասաց Լեւոն Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Այնուհետեւ, ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը հայտարարեց մեկնարկը: Նա քիչ ուշ Aravot.am-ին տեղեկացրեց, որ մրցաշարը թիմային է եւ դրան մասնակցում են հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները, վարժարաններ, կրթահամալիրներ, որ յուրաքանչյուր թիմը կազմված է չորս անդամից, որոնցից առնվազն մեկը՝ աղջիկ: Օլիմպիադային մասնակցում են նաեւ Արցախի ու Ջավախքի ներկայացուցիչները: Եզրափակիչ՝ հանրապետական, փուլում հաղթողի կոչումը վիճարկելու են մարզային փուլի առաջին տեղ զբաղեցրած դպրոցները, որոնցից ամենահաջողակը կմասնակցի ավանդաբար Սոչիում կազմակերպվող «Սպիտակ նավակ» միջազգային օլիմպիադային: Վահագն Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ 2014 թվականին Երեւանի թիվ 55 դպրոցի թիմը հաղթել է «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի չեմպիոն:
Օլիմպիադայի մշտական հովանավոր ՀԲԸՄ գործադիր տնօրեն Դալար Գազանչյանը ողջունեց շախմատի ֆեդերացիայի եւ ԿԳՆ աշխատանքները եւ մեզ ասաց, որ իրենց ընկերությունը երկրորդ փուլից սկսած հաղթող թիմի յուրաքանչյուր մասնակցի եւ մարզչի համար սահմանում են մրցանակներ: «Հաջորդ փուլում կլինեն պլանշետներ կամ այլ էլեկտրատեխնիկա, իսկ եզրափակչում կհանձնենք դրամական պարգեւներ եւ համակարգիչներ», ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ