Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ կան, որ սերիալներն իրենց նարկոտիկներն են». Ահարոն Ադիբեկյան

Նոյեմբեր 08,2016 18:52

Փորձագետների համոզմամբ` թվայնացումն անխուսափելի և պարտադրված էր Հայաստանի համար, բայց մյուս կողմից նաև առաջընթացային քայլ է, սակայն այդ գործընթացի պատճառով մի շարք քաղաքացիներ զրկվել են հեռուստատեսության հասանելիությունից:

«Նոյյան տապան» մամուլի սրահում այս թեմայով հրավիրված քննարկմանը փորձագետները մտահոգություն հատնեցին, որ այսպիսով խախտվում են անձի իրավունքները: Հեռարձակման  թվայնացումից հետո ոչ նոր սերնդի հեռուստացույց ունեցող քաղաքացիները ստիպված են ձեռք բերել կցորդ սարքեր, որպեսզի կարողանան օգտվել հեռուստատեսությունից: Սակայն այդ սարքերի որակն ու գինը հաճախ պատճառ են դառնում, որ քաղաքացիներն ուղղակի չկարողանան ձեռք բերել դրանք:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ կցորդ սարքերի գինը չպետք է ավելին լիներ, քան 10  դոլարը.  «Մյուս տարբերակն այն էր, որ քաղաքացիներին այդ սարքերը տրամադրվեին մարման եղանակով: Սա նման է հաշվիչ մեքենաների` փոքր բիզնեսներում ներդնելու գործընթացին»:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այս խնդիրների առաջացման պատճառ է համարում տեսչությունների վատ աշխատանքը. «Թվայնացումն առաջընթաց է, որից հետ մնալ չենք կարող: Խնդիրն այն է, թե ինչքանով է մեր բնակչությունը պաշտպանված, որ ստանա որակյալ ծառայություն. այն ապրանքը, որը կոչվում է կցորդ, լինի որակյալ»:

Պարոն Պողոսյանը տեղեկացրեց, որ այս խնդիրը բարձրաձայնել է ՀՀ վարչապետի հետ քննարկման ընթացքում: Արմեն Պողոսյանը վրդովված է, թե ինչու պետք է մարդիկ զրկված լինեն հեռուստատեսության հասանելիությունից, նրանք ճամփորդելու, անգամ թատրոն գնալու հնարավորություն չունեն, հիմա էլ զրկվում են հեռուստատեսությունից. «Ես հայտարարում եմ, որ այդ ապրանքը` շուկայում հայտնված կցորդները ապօրինի են` հաշվի առնելով դրանց որակը, երաշխիքի բացակայությունը: Ուստի տեսչության առաքելությունն է պարզել` ինչպես է այդ ապրանքը հայտնվել մեր շուկայում: Չկա նաև գների վերահսկման եղանակ»:

Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ խախտվում են քաղաքացու իրավունքները. «Պետք է ապահովեին սարքավորումներով այն քաղաքացիներին, որոնք չունեն նոր հեռուստացույցներ, մինչև նրանք կարողանային նոր հեռուստացույց ձեռք բերել: Թե չէ այսպես մարդիկ հոգեբանական լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել: Մարդը դառնում է ինքնամեկուսացված: Մարդիկ կան, որ սերիալներն իրենց նարկոտիկներն են: Ստացվում է, որ սա լավ նախաձեռնություն է վատ կատարված»:

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930