Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ժամ» լրատվամիջոցի խմբագրի ու լրագրողի կողմից շորթման դեպքի մասին պատմեց վկան. դատարանը հետազոտեց տեսագրությունը

Նոյեմբեր 08,2016 17:48

«Հայկական ժամ» լրատվամիջոցի խմբագրի ու նույն լրատվամիջոցի լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննության ընթացքում այսօր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետազոտեց վարույթ իրականացրած մարմնի ներկայացրած տեսագրությունը, որը վերաբերում էր ամբաստանյալների կողմից Թումանյանի քաղաքապետից գումար շորթելու դեպքին:

Տեսագրության մեջ շորթման դեպքը հաստատում է գործով վկան:

Ամբաստանյալների պաշտպան Տիգրան Սարգսյանը նկատեց, որ շորթման մասով ուսումնասիրել է ճանաչման արձանագրությունները, պարզել, որ տեսանյութի ու թղթային տարբերակի մեջ ակնհայտ անհամապատասխանություն կա. «Տեսանյութում այլ բան է երեւում, քննիչի մոտ արձանագրած թղթային օրինակներում լրիվ այլ բան է արձանագրված»:

Պարոն Սարգսյանը նաեւ իր միջնորդությունը ներկայացրեց հետազոտվող ապացույցի՝ տեսագրության վերաբերյալ՝ խնդրելով, որ դատարանն այն անթույլատրելի ապացույց համարի:

Այսօր դատական նիստը նախատեսված ժամից կես ժամ ուշացումով սկսվեց, տեսագրության հետազոտությունից հետո, դատարանը որոշեց նիստը հետաձգել, իսկ ամբաստանյալների պաշտպանի միջնորդությունն էլ քննարկել հաջորդ դատական նիստին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի տասնվեցին:

Հիշեցնենք, որ Աննա Գևորգյանին (լուսանկարում) մեղադրանք է առաջադրվել, որ նա 2012 թվականից հանդիսանալով «Աննա Գևորգյան» ԱՁ հիմնադիր և «Հայկական ժամ» լրատվամիջոցի խմբագիր, ուրիշի հաշվին գումար վաստակելու ցանկությամբ ու դիտավորությամբ, միաժամանակ գիտակցելով, որ սպառնալիքով ուրիշի գույքի նկատմամբ իրավունքն իրեն հանձնելու պահանջն անօրինական է, նախնական համաձայնության գալով մորաքրոջ` նույնանուն լրատվամիջոցի լրագրող Հերմինե Մանուկյանի հետ, 29.05.2012թ. Թումանյան քաղաքի գազալցակայանում 50.000 ՀՀ դրամի, ինչպես նաև ավտոմեքենան գազով լիցքավորելու պահանջ է ներկայացրել նույն համայնքի ղեկավար Լևոն Զավարյանին` սպառնալով, որ պահանջը չկատարելու դեպքում լրատվամիջոցներում վերջինիս օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կհրապարակվի: Աննա Գևորգյանը, կատարել է հանցավոր արարք` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում: Հերմինե Մանուկյանը, կատարել է հանցավոր արարք` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում:

Դատական նիստից հետո պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք տեսագրության ու քննիչի արձանագրություններում ինչ անհամապատասխանելիության մասին էր ինքը դատարանում բարձրաձայնում:

«Վկան գալիս, ասում է՝ եթե չեմ սխալվում նա է, իսկ թղթային տարբերակում հստակ գրվում է, որ վկան ճանաչեց, եթե չեմ սխալվում մասը հանված է, բացի դա թղթային տարբերակում վկան ասաց՝ տեսել է մեկ անգամ քաղաքապետի գազալցակայանում, այնինչ վկան ասել էր, որ երկու-երեք անգամ եմ տեսել: Իսկ եթե ցուցմունքներում կան նման անհամապատասխանություններ, նշանակում է, որ ցուցմունք տվող անձը անկեղծ չէ, ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ է դրվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930