Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարար. «Բաքուն պետք է կողմնորոշվի»

Նոյեմբեր 08,2016 17:27

Լրագրողները նոյեմբերի 8-ին հետաքրքրվեցին Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանից, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հայտարարել էին, թե դեկտեմբերին Համբուրգում նախատեսում են հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից:

«Եռանախագահներն այդպիսի հայտարարություն չեն արել, դա արել է եռանախագահներից մեկը, այն էլ հայտարարություն չի արել ՝ հույս է հայտնել, որ հանդիպում կարող է կայանալ: Իհարկե՛, այդ հույսին ի պատասխան Ադրբեջանից հայտարարություն լսվեց, որ պատրաստ են մասնակցել: Բայց Ադրբեջանից հնչող հայտարարությունները տարբեր հակասություններ են պարունակում՝ մի կողմից ասում են, որ պատրաստ են մասնակցել հանդիպումներին, որոնք նախաձեռնում են եռանախագահող երկրները, բայց մյուս կողմից՝ հայտարարություններ են անում, որոնք հակադրվում են եռանախագահների մոտեցումներին»,- ասաց նախարարը:

Էդուարդ Նալբանդյանը համարում է, որ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք ցանկանում է եռանախագահող ձեւաչափում շարունակի բանակցությունները. «Որովհետեւ մի կողմից ասում է՝ պատրաստ է բանակցություններին, բայց մյուս կողմից՝ դուրս է գալիս եռանախագահողների առաջարկների դեմ եւ այն հիմքին դեմ, որն առաջարկվում է որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Այլապես՝ սոսկ այս հանդիպումներին մասնակցությունը դառնում է իմիտացիա իրենց կողմից, որովհետեւ դրանց ապացույցներից մեկն էլ իրենց մասնակցությունն էր Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին: Մասնակցեցին, բայց ի՞նչ դա տվեց: Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից հետո՝ մինչ այսօր, իրենք հրաժարվում են իրականացնել պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում, եւ անում են ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն»:

Էդուարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել բանակցություններին, սակայն Ադրբեջանը սրում է իրավիճակը. «Հիմա հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների մասին, որին գրեթե ադրբեջանական բանակի ամբողջ ներուժն է ներգրավված լինելու՝ 60 հազար զորք, տանկեր, հրթիռներ եւ այլն: Դա խախտում է նաեւ Վիեննայի փաստաթուղթը, որի համաձայն իրենք 42 օր առաջ պետք է տեղյակ պահեին, եթե 9 հազարի է հասնում զորքերի մասնակցությունը, բայց խոսում են 60 հազարի մասին: Ոչ միայն տեղյակ չեն պահել, այլ Համբուրգից առաջ գնում են այսպիսի քայլի, որը սրում է իրավիճակը՝ բացի նրանից, որ սաստկացել են հրադադարի խախտումները թե՛ շփման գծում եւ թե՛ ընդհանրապես հակամարտության գոտում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930