«Մեդիա կենտրոնում» ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ հրավիրված քննարկմանը ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Թրամփի հաջողության համար նրա քաղաքական թիմի կողմից լուրջ աշխատանք է տարվել, բայց Քլինթոնի շանսերն ավելի մեծ են: Նա փաստեց, որ այս քարոզարշավը առանձնահատուկ էր ատելության և զուտ անձերի, ոչ թե խնդիրների վրա կենտրոնանալու առումով:
Ըստ քաղաքագետի`Քլինթոնն ընտրվելու դեպքում շարունակելու է Բարաք Օբամայի որդեգրած քաղաքականությունը, ուստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն այս կամ այն ձևաչափով Քլինթոնը վերադառնալու է որպես չավարտված գործ. «Կարծում եմ`հայ-թուրքական հարաբերությունները բարելավելուն այլընտրանք չկա: Հազար տարի իրար կողք ապրելու ենք և չենք կարող ունենալ փակ սահմաններ»:
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ Քլինթոնի առավելությունը կապված է նաև Ամերիկայի նոր սերնդի մենթալիտետի հետ, ովքեր ասում են, որ քվեարկում են հիմնականում նրա համար, որպեսզի Դոնալդ Թրամփը չընտրվի. «Այնպես չէ, որ ամերիկյան հասարակությունը հիացած է Քլինթոնի անձով, ուղղակի շատերը չեն ցանկանում, որ Թրամփն ընտրվի»:
Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը շեշտեց, թե ակնհայտ է, որ ամերիկյան հասարակությունը իշխանությունների նկատմամբ վստահության պակաս ունի, ուստի Քլինթոնի համար դժվար է լինելու կառավարելը: Պարոն Խաչատրյանը ռիսկեր է տեսնում, որ մեր տարածաշրջանը կարող է ներքաշվել ծայրահեղ զարգացումների մեջ, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ ենք ունենալու:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե թեկնածուներից ոչ մեկ չի անդրադարձել այն խնդիրներին, որոնք կենսական են հայ համայնքի համար, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Ինքս Թրամփին հարցրել եմ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, բայց նա պատասխանել է, որ ընդհանրապես տեղյակ չէ»:
Այս առիթով Հայկ Մարտիրոսյանը հիշեց «փորձած թանը անփորձ մածնից լավն է» ասացվածքը ու շեշտեց, որ Հիլարի Քլինթոնը ոչ կառուցողական դերակատարություն ունեցավ հայ-թուրքական հարաբերություններում. «Հայ-թուրքական արձանագրությունների ճարտարապետներից մեկը Հիլարի Քլինթոնն էր, որը լրջագույն կապեր ունի Թուրքիայում: Բայց հայտնի է, որ այդ արձանագրությունները մեծագույն վտանգ են ներկայացնում հայ ժողովրդի և պահանջատիրության համար: Դրանցից մեր ստորագրությունը հնարավորինս արագ հետ կանչել է պետք, բայց մենք ողջամիտ ժամկետում ոչ դրանք հետ կանչեցինք, ոչ էլ պատրաստվում ենք դա անել»:
Սուրեն Սարգսյանը ԱՄՆ հայ համայնքի առաջնորդների թերացում է տեսնում. «Պետք է տեղում հանդիպեին թեկնածուների հետ, փորձեին պրոհայկական խոստում կորզել: Բայց մեր համայնքի պասիվ դերով զրոյացվել է նրանց դերակատարությունը: Մենք համահայկական գլոբալ օրակարգ, գաղափարախոսություն չունենք: Ամեն համայնք ունի իր առաջնահերթությունները»:
Վարդան Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, թե երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին, իրեն թվում է` հիսուն տարի հետ մակարդակով փորձում ենք խնդիրներ լուծել: Նա ևս համաձայնեց, որ համահայկական օրակարգ ձևավորելու խնդիր ունենք»:
Հայկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ նման խնդիրներ չունենալու համար սփյուռքը պետք է ուղղորդվի Հայաստանից. «Սփյուռքին հովվություն պիտի արվի Հայաստանից: Պետք է շատ լավ արտաքին քաղաքականություն վարվի: Եթե կա վախվորած մոտեցում ամեն ինչում և ջրի տակ սուզվելն ու գլուխը պահելը համարվում է լավագույն չափանիշ, պարզ է, որ սփյուռքում հայկական համայնքները պետք է մնան անգլուխ: Հասկանալի է, որ տեղերում էլ ոչ կազմակերպված որոշումներ պետք է ընդունվեն և թուլանա հայկական համայնքի դերը ԱՄՆ քաղաքականության մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ