Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնի՝ քաշքշելով տարան ոստիկանություն». դատարանը քննում է ՀԽ անդամի դեմ հայցը (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2016 17:17

ՀՀ վարչական դատարանում այսօր քննվեց այս տարվա մարտի 23-ին «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի եւ այլ կալանավորված քաղաքացիական ակտիվիստների սատարման ցույցի մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Բալյանի դեմ ՀՀ ոստիկանության հայցը, որով վերջինս պահանջում է Վարդան Բալյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք պահանջներով:

Մասնավորապես, ըստ ոստիկանության, հավաքի ժամանակ Վարդան Բալյանը չի ենթարկվել ոստիկանի՝ հակահասարակական գործունեությունը դադարեցնելու եւ ճանապարհի երթեւեկելի հատվածն ազատելու օրինական պահանջներին:

Հիշեցնենք, որ նշյալ հավաքի ժամանակ որոշ ակտիվիստներ պառկել էին Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատվածում եւ շղթաներով իրենց ամրացրել ասֆալտին:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Բալյանն ասաց, որ ինքը շղթայվածների թվում չի եղել. «Ոստիկանները որոշակի բռնի ձեւերով ազատեցին փողոցը: Ավելի շատ տուժեց Կարո Եղնուկյանի կինը: Ինձ էլ բռնի կերպով, քաշքշելով տարան ոստիկանություն, ինչպես հավաքի մասնակիցներից շատերին: Ակցիա կատարելը մեր իրավունքն է, իսկ ոստիկանի բռնի գործողությունն անօրինական է: Ես մասնակցել եմ, եթե դա բռնի գործողություններ կատարելու հիմք է տալիս ոստիկաններին, ի՞նչ ասեմ…»:

Դատավորին ներկայացվեց գործին կցված տեսանյութ, որում երեւում է նաեւ Վարդան Բալյանը՝ «շղթայակապ» ցուցարարների հետեւում պաստառով կանգնած: Բալյանի պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը պնդեց, որ նա հավաքի ժամանակ հակաօրինական վարքագիծ չի դրսեւորել:

Այս գործով Վարչական դատարանը որոշումը կհրապարակի նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:30-ին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «բռնի կերպով, քաշքշելով տարան»
    ………………………………………………………..

    օրինական դասընթացք 101 :

    աշխարհի որեւէ մէկ երկրի մէջ, երբ որ ոստիկանը քեզ ձերբակալում է, եթէ դիմադրես, իրաւունքը ունի քեզ քաշքշելով տանելու

    որքան աւելի դիմադրես, իրաւունքը – պատրականութի՛ւնը – ունի այնքան աւելի շատ ուժ կիռարելու

    իսկ այս դիպվածների պարագային, բացահայտ է թէ շատ անգամ ցուցարարները իրենք, դիտումնաւոր կերպով, ուզում են որ ոստիկանները ստիպվին դիմել ուժի, որպէսզի աւելի «զգայացունց» դառնա ցոյցը… մանաւանդ երբ որ չորս-հինգ ցուցարարներ են միայն, եւ ուզում են որ աղմուկ լինի իրենց մասին

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930