Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին Հայաստան պաշտոնական այց է կատարել: Ջենտիլոնին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպեց լրագրողներին:
Էդուարդ Նալբանդյանն ասաց, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին:
Պաոլո Ջենտիլոնին կարեւորեց հանդիպումը՝ նշելով, որ ընկերության հիմքերն ամուր են, քանի որ հայերն ու իտալացիները մեծ ավանդույթներ ունեցող երկու մեծ քաղաքակրթություններ են: Նա ասաց, որ այդ իսկ պատճառով իրեն հաճույք է պատճառել այն հանգամանքը, հանդիպումը սկսել են՝ ստորագրելով համաձայնագիրը, որի արդյունքում Երեւանում կստեղծվի մշակութային ժառանգության պահպանման կենտրոն.
«Սա մի արժեք է, որ այս տարիներին շատ կարեւոր է մեզ համար, մեր երկրների համար, մեր քաղաքակրթությունների համար՝ պայքարելու ահաբեկչության դեմ եւ պահպանելու համար մշակութային բազմազանությունը՝ մի արժեքը, որը կարծում եմ՝ ե՛ւ Իտալիան, ե՛ւ Հայաստանը պահում են: Մեր հանդիպումն առիթ եղավ նաեւ, որ գործընթացի մեջ ամրագրենք տնտեսական համագործակցությունը, որպեսզի մոտակա ամիսներին միավորենք նաեւ Հռոմում՝ մեր միջկառավարական գործակցության սահմաններում եւ բազմաթիվ ոլորտներում տնտեսական համագործակցությունն առաջ տանենք»:
Կարդացեք նաև
Ջենտիլոնին հավելեց, որ Իտալիան հնարավոր է համարում, որ դիվանագիտական ճիգ գործադրվի, որպեսզի Սիրիայում մարդկային ճգնաժամը կասեցվի. «Մենք երբեք կասկած չենք ունեցել, որ Բաշար ալ Ասսադը պատասխանատվություն ունի այս ճգնաժամի մեջ, բայց նաեւ կասկած չունենք, որ դիվանագիտական լուծում կարող է տրվել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ