Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Սրբազանը մկրտեցին «Գյումրու երեխաների տուն» մանկատան 120 սաների։
Նշենք, որ այստեղ գտնվում են մինչեւ 8 տարեկան ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ։
Ինչպես նշեց տնօրեն Աննա Գևորգյանը, կան երեխաներ, որոնց արդեն իսկ մկրտված բերել են իրենց մոտ, իսկ 120-ը դեռ մկրտված չէին։ Ըստ տնօրենի, երեխաները սահմանափակ կարողությամբ են, այդ պատճառով են ծնողները հրաժարվել են նրանցից։ «Հրաժարման պատճառը ոչ թե սոցիալական վիճակն է, այլ երեխաները ունեն լուրջ առողջական խնդիրներ և, ցավոք սրտի, շատ քիչ ծնողներ են իրենց երեխաներին այցելում»,-ասաց տնօրենը։
Տեսարանը իրոք ծանր էր. կային սենյակներ, որտեղ գտնվող փոքրիկները գամված էին անկողնուն։ Երեխաների մի մասին կնքահայր դարձավ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մյուսներին՝ փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը ու Հարություն Արշակյանը, մեկին էլ՝ Շիրակի մարզպետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Սամվել Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը գրկել էր նորածին մի գեղեցկուհու՝ անընդհատ կրկնելով՝ տեսեք, տեսեք ինչ լավն է։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ շատ հուզված է այն մթնոլորտից, որտեղ տեղի ունեցավ կնունքը։ Ըստ նրա, շատ ժամանակ քավոր ընտրում են տարբեր նկատառումներով, սակայն սա այն եզակի դեպքերից է, երբ գրկելով երեխաներին՝ տիրոջը խնդրում ես առողջություն տալ նրանց։
«Ի տարբերություն մյուս սանիկների, որոնք պիտի գան, մարզպետից գործ ուզեն, իմ այս սանիկները իրենց քավորից ակնկալիք չունեն, համեստ են։ Փառք Աստծո, այսօր պետությունն ամբողջովին իրենց խնդիրները լուծում է, նրանց առողջություն է պետք, կուզենամ, որ այս կնունքը ու մեռոնը օգնեն, որպեսզի մի փոքր տեղաշարժ լինի նրանց առողջական վիճակի մեջ։ Ամեն անգամ, երբ եկեղեցի այցելեցի, Տիրոջ մոտ մեկ մոմ կվառեմ սանիկներիս համար»,-ասաց մարզպետը։
Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ ասաց, որ 120 երեխաների սատանայի իշխանությունից խլեցին ու հանձնեցին Աստծո իշխանությանը։ «Սատանան իր բաժինն էր համարում այս երեխաներին, հոգևոր իմաստով մոռացված, այո, ֆիզիկական խնամքը կա, բայց հոգևոր իմաստով մոռացված, և սպասում էր հենց ժամը հնչի, հոգին սեփականացնի։ Հիմա սատանան նստած մի անկյունում հոնգուր-հոնգուր լացում է՝տեսնելով, որ 120 հոգի խլվեցին իր ձեռքից»,- ասաց Միքայել սրբազանը։
Ըստ նրա, այս երեխաները եթե շուտ մկրտվեին, շատ հնարավոր է՝ Աստծո օգնությամբ շուտ բուժվեն։ Սրբազանի ասելով, որոշ երեխաների մկրտելով՝ զգացել է, որ նրանք դևական իշխանության ներքո էին։
Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ երեխաներին կնքելու նախաձեռնությունը Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ սրբազանինն ու նրա դասընկերուհի Կարոլինինն էին, որոնք եկել էին Գյումրի, ուզում էին օգնություն բաժանել երեխաներին, սակայն իմանալով, որ երեխաները մկրտված չեն, առաջարկել են մկրտել։
Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Սրբազանն էլ իր հերթին նշեց, որ սա սովորական մկրտություն չէ, այն, ինչ կատարվում է ընտանիքներում։ Նա ասաց, որ մկրտության խաչերը նվիրել է բարեսիրական-մարդասիրական «Ֆլայ» կազմակերպությունը։ Նրանք իրենց հետ նաև անկողնային պարագաներ ու տաք շորեր էին բերել երեխաների համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ