Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսին (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2016 17:01

Հարգելի Պաոլո,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամ, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:

Հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար։

Իմ գործընկերոջ հետ բավականին հագեցած քննարկումներ ունեցանք երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Իտալիայի արտգործնախարարի հետ մտքեր փոխանակեցինք մեր պետությունների միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ, անդրադարձանք մոտ երեք տասնյակ փաստաթուղթ ընդգրկող իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, քննարկեցինք միջխորհրդարանական շփումների ակտիվացման, առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորեցինք գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը:

Կարևորեցինք այսօր ստորագրված Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը: Մենք շնորհակալ ենք Իտալիայի կառավարությանը վերոհիշյալ ոլորտում ցուցաբերվող նշանակալի աջակցության համար: Համոզված ենք, որ կենտրոնի հիմնումն էլ ավելի կխորացնի համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում:

Մենք գոհունակություն հայտնեցինք պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս համատեքստում արժևորեցինք հայ խաղապահների ծառայությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում՝ Հարավային Լիբանանում՝ իտալական զորախմբի հետ կողք կողքի` Լիբանանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

Նախարար Ջենտիլոնիի հետ քննարկեցինք Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները:

Ինչպես նշեցի, Իտալիայի իմ գործըկերոջ հետ անդրադարձանք մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։

2018թ. Իտալիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Այս առումով անդրադարձ կատարվեց կազմակերպությունում իտալական նախագահության մոտեցումներին:

Իհարկե, հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Ես նախարար Ջենտիլոնիին ներկայացրի բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Միաժամանակ, ցանկանում եմ կարևորել Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարելու եռանախագահների ջանքերը, նրանց կողմից որպես մեկ ամբողջություն առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

 

Այժմ խոսքը փոխանցում եմ նախարար Ջենտիլոնիին:

Խնդրեմ, Պաոլո:

Արմենիա ՀԸ. Պարոն նախարար, համանախագահները հայտարարել են, որ դեկտեմբերին հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։ Մենք ի՞նչ ակնկալիքներ ունենք այդ հանդիպումից։

Էդվարդ Նալբանդյան. Նախ և առաջ ասեմ, որ եռանախագահները այդպիսի հայտարարություն չեն արել։ Եռանախագահներից մեկը հույս է հայտնել, որ այդպիսի հանդիպում կարող է կայանալ։ Դրան ի պատասխան Ադրբեջանից հայտարարեցին, որ պատրաստ են մասնակցել այդ հանդիպմանը։ Սակայն Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են պարունակում․ մի կողմից ասում են, որ պատրաստ են մասնակցել հանդիպումների, որոնք նախաձեռնվում են եռանախագահող երկրների կողմից, մյուս կողմից հայտարարություններ են անում՝ ըստ էության, հակադրվելով եռանախագահների մոտեցումներին։ Առավելապաշտական մոտեցումներ են արտահայտում և հայտարարում են, որ միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի վրա կարող է գտնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը։

Հիշեցնեմ, որ եռանախագահները բազմիցս ասել են և կրկնել, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության։ Համանախագահները բազմիցս հայտարարել են, որ այդ սկզբունքները, նաև իրենց կողմից առաջարկված տարրերը, որոնք հիմնված են այդ սկզբունքների վրա, ներկայացնում են մեկ ամբողջություն։ Փորձերը՝ տարանջատելու այդ սկզբունքները, տարրերը մեկը մյուսից անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը։ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք իսկապես ցանկանում է, որ համանախագահության ձևաչափում շարունակի բանակցությունները։ Որովհետև մի կողմից ասում է, որ պատրաստ է մասնակցելու հանդիպումներին, բայց մյուս կողմից դուրս է գալիս եռանախագահների առաջարկների դեմ, որոնք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմք։

Այլապես այս հանդիպումներին սոսկ մասնակցությունը դառնում է իմիտացիա Ադրբեջանի կողմից։ Դրա ապացույցներից են իրենց մասնակցությունը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին։ Մասնակցեցին, բայց ի՞նչ դա տվեց։

Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից մինչ այսօր Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն։ Նրանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի կտրուկ սրման, դրա վերաբերյալ հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում։

Ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար։

Պետք է շեշտեմ, որ Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից։ Հայաստանը, մասնակցելով այդ հանդիպումներին, ընդունել է նաև այն շրջանակը, որ առաջարկվում է բանակցությունների համար եռանախագահների կողմից։ Հենց դա է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Այստեղ տեղին է հիշեցնել, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանը հրաժարվում էր ընդհանրապես անգամ եռանախագահների հետ հանդիպել և ասում էր, որ համանախագահները անօգուտ զբոսաշրջիկներ են։

Իհարկե, մենք պատրաստ ենք մասնակցել հանդիպումներին: Դրա հնարավորությունը ցույց կտան մինչև Համբուրգ տեղի ունենալիք զարգացումները, քանի որ կարևոր միջազգային հանդիպումներից առաջ Ադրբեջանը, ինչպես միշտ, սրում է իրավիճակը հակամարտության գոտում և հիմա էլ հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների անցկացման մասին, որոնցում ներգրավված է լինելու ադրբեջանական բանակի գրեթե ամբողջ ներուժը՝ 60 հազար զորք, տանկեր, հրթիռներ, ավիացիա և այլն։ Սա Վիեննայի փաստաթղթի ակնհայտ խախտում է, քանի որ, ըստ կարգի, պետք է քառասուներկու օր առաջ տեղյակ պահեին, եթե զորավարժություններին մասնակցող զորքերի թվաքանակը հասնում է ինը հազարի։

Բայց խնդիրը ոչ միայն տեղեկացնելու կամ չտեղեկացնելու մեջ է. Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդից առաջ Ադրբեջանը գնում է այսպիսի, ես կասեի, սադրիչ քայլի։ Բացի այդ, սաստկացել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները հակամարտության գոտում։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Համբուրգում կայանալիք հանդիպման ձևաչափը դեռ հստակեցված չէ։ Կտեսնենք, ըստ զարգացումների, և կտեսնենք, թե ինչ առաջարկներ կլինեն եռանախագահների կողմից այդպիսի հանդիպումներ կազմակերպելու շուրջ։ Բայց մեկ բան վստահ եմ, որ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են։

 

Շնորհակալություն։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930