Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն բողոքարկել է ՀԿ-ի հայցով դատարանի որոշումը

Նոյեմբեր 08,2016 16:54

Ինչպես արդեն հայտնել էինք, դեռևս 2015 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը ՀՀ Վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ պահանջելով հրապարակել (տրամադրել) Հայաստան-ԵՄ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի գոնե մի հատվածը (որը վերաբերվում է սակագնային կարգավորումներին):

Արտաքին գերտեսչությունը, իր հերթին, պնդում էր, որ պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին:

Վարչական դատարանը` դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցը՝ պարտավորեցնելով ԱԳՆ-ին՝ հրապարակել համաձայնագրի նշված դրույթների լուսապատճենները և հատուցել դատական ծախսերը:

Սակայն, Արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, չհամակերպվելով տապալված համաձայնագրի մի մասը հանրությանը ներկայացնելու մտքի հետ, վարչական դատարանի վճիռը օրերս բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան՝ փորձելով հնարավորինս հետաձգել կարևորագույն այդ համաձայնագրի դրույթները հանրությանը ներկայացնելու պահը:

Հիշեցնենք, որ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին 3 տարուց ավել, այն վերջնական համաձայնեցվեց 2013 թվականի օգոստոսին և տապալվեց Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Մաքսային Միությանը և ԵԱՏՄ-ի անդամակցելու մասին հայտարարությամբ, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցումը ենթադրում է, որ պետությունը այլևս չի կարող ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարել:

Ու թեև այժմ Հայաստանը Եվրոպական Միության հետ տանում է բանակցություններ՝ նոր համաձայնագրի վերաբերյալ, սակայն, դրանք չեն վերաբերվում սակագնային կարգավորումներին (որոնք հակասում են ԵԱՏՄ-ին): Հետևապես այդ կարգավորումներին վերաբերվող՝ տապալված համաձայնագրի դրույթները պատմություն են, որի մասին քաղաքացիները պետք է իրազեկվեն:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930