Aravot.am-ը մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանից, որը ժամանակին Արամ Ասատրյանին Ժողովրդական գուսանի կոչում էր շնորհել, հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում նրա անունով Էջմիածնում փողոց անվանակոչելուն:
«Շատերն ասում են , որ, օրինակ, Մշո Գեղամը՝ Գեղամ Տեր-Կարապետյանը , որի անունով Մուշ թաղամասում փողոց են կոչել, ճանաչված չէ որպես մեծագույն մտավորական եւ գրող: Կամ Վրեժ Իսրայելյանին ես շատ բարձր եմ գնահատում, համարում եմ գրականության վարպետներից մեկը եւ իր անունով փողոց կա Աշնակում: Ճիշտ է, Վրեժը ծնվել է Երեւանում, բայց Աշնակում է ապրել ու մեծացել, ու հիմա, որ Աշնակում իր անունով փողոց կա, դա չի նշանակում, որ ինքը էդ իրավունքը չունի: Գիտեք ինչո՞ւ… որովհետեւ Աշնակում չեք գտնի մեկին, որ Վրեժից մի գործ կարդացած չլինի:
Հիմա նույնն էլ Արամ Ասատրյանի պարագայում է: Եթե Էջմիածնում գտնեք մեկին, որ Արամ Ասատրյանին լսած չլինի կամ առայժմ չի լսում, ես կասեմ մի՛ դրեք իր անունը…
Արամ Ասատրյանը Թաթուլ Ավոյա՞ն է, թե՞ Սպիտակցի Հայկո է, էդ ի՞նչ պսեւդո հերոսություն են անում նրա դեմ խոսողները: Այնպես են անում, որ Էջմիածնի մի մասը ու ես՝ նախկին նախարարս կանգնենք ու պաշտպանենք՝ Արամ Ասատրյանին Կոմիտասից ու Արամ Խաչատրյանից, մյուս կողմն էլ, հակառակը` Խաչատրյանին ու Կոմիտասին պաշտպանի Արամ Ասատրյանից …Ախր դա անմիտ թեմա է»,- հայտնեց մշակույթի նախկին նախարարը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ