Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես մշակույթի նախարար լինել երբեք չեմ ուզում». Շուշան Պետրոսյանը՝ Արմեն Ամիրյանի եւ Հասմիկ Պողոսյանի մասին

Նոյեմբեր 08,2016 15:45

Aravot.am-ը վաստակավոր արտիստ, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ Հասմիկ Պողոսյանի օրոք ժամանակ առ ժամանակ լուրեր էին տարածվում, որ դուք եք լինելու մշակույթի նախարար: Դուք ցանկություն ունե՞ք նախարար դառնալու: Նա պատասխանեց. «Երբեք չեմ ունեցել նման ցանկություն ու միշտ հերքել եմ նման լուրերը: Կարծում եմ, դա ժողովրդական բանահյուսության ժանրից է»:

Նա հիշեցրեց իր հարցազրույցներից մեկը, որտեղ ասել էր. «Այս երկրում ամեն երկրորդն ուզում է գեներալ լինել, զինվոր չկա: Ես ուզում եմ զինվոր լինել, ուղղակի ծառայել մեր երկրին: Ծառայել եմ միշտ երգով, մշակույթով, հիմա էլ որպես պատգամավոր եմ ծառայում: Մշակույթի նախարար լինել չեմ ուզում: Ես լավ գիտեմ մշակույթը, մեծախոսություն չհամարեք: Գիտեմ բոլոր ոլորտներում ինչ է կատարվում: Դա գրականությունն է, թատրոնը, կերպարվեստը, կինոն, երաժշտությունը, որոնց խնդիրներն ու ձեռքբերումները, անշուշտ, գիտեմ ու կարող եմ որպես պատգամավոր ինչ-ինչ հարցեր լուծել, օգնել: Նախարարը պետք է ծառայի մշակութային ժառանգության պահպանմանն ու ժամանակակից մշակութային գործընթացների աջակցմանը, իսկ ես միշտ պատրաստ եմ կանգնել արտիստների կողքին ու լսելի դարձնել նրանց խոսքն ու խնդիրները»:

Մեր հարցին՝ Հասմիկ Պողոսյանի հետ խնդիրներ էր նկատվում՝ անհամաձայնություններ, տարաձայնություններ, Արմեն Ամիրյանի հետ հարաբերություններն ինչպե՞ս են՝ Շուշան Պետրոսյանը չհամաձայնեց, որ Հասմիկ Պողոսյանի հետ խնդիրներ է ունեցել. «Եթե որոշ հարցերի շուրջ անհամաձայնությունը նման կարծիք է ձևավորել, դա իմ խնդիրը չէ, կարծում եմ նորմալ է սեփական տեսակետ ունենալը, հենց դա’ է նորմալ: Քանի որ տիկին Պողոսյանը շատ երկար եղավ նախարար, եւ վերջին տարիներին հատկապես սպասում կար, որ նա կփոխվի, ով էլ նշանակվեր՝ պետք է գրկաբաց ընդունեին: Սա է օբյեկտիվ պատասխանը:

Ինչ վերաբերում է Արմեն Ամիրյանին, նա իմ ընկերն է: Նրա անձը քննարկման ենթակա չէ՝ կնամեծար, միշտ բարեկիրթ իմ ընկեր Արմեն Ամիրյանն է: Թե ինչպիսի նախարար է նա՝ ես դեռ չգիտեմ: Այնքան պահանջկոտ եմ ու ազնիվ, որ երբեք մասնագիտական դաշտ սեփական վերաբերմունքս չեմ բերի:

Գիտե՞ք, «լավ տղա»-ն ,«լավ աղջիկ»-ը մասնագիտություն չեն, ինձ կոնկրետ աշխատանքն ու արդյունքն են հետաքրքիր։ Դա հաճախ խնդիրներ է ստեղծում հենց ինձ համար գործընկերներիս հետ, օրինակ, երգչի հետ, որը լավ չի երգել կամ վատ երգ, վատ հայերեն է երգել, որքան էլ բարձր գնահատեմ անձն ու վոկալ տվյալները, անպայման կասեմ, չեմ լռի ու այդ պատճառով համարվում եմ կոնֆլիկտային: Եթե անտարբեր լինեմ մարդու անձի ու ստեղծագործության նկատմամբ, երբեք իմ կարծիքը չեմ ասի:

Ինչ վերաբերում է Արմեն Ամիրյանին, ոգեւորություն եմ տեսնում, նոր շունչ եմ զգում, որն ինձ շատ է ուրախացնում, բայց արդյունք եմ ուզում»:

Մեր դիտարկմանը, որ Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում մի-քանի աղմկահարույց դեպքեր եղան մշակույթի ոլորտում, օրինակ, մեծ աղմուկ բարձրացավ, երբ Արմենչիկը ստացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում՝ Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե այդ դեպքը նախարարի հետ ինչքանով կապ ունի: Արմենչիկի հետ կապված կա սուբյեկտիվ պատճառ՝ սփյուռքն է իրեն լսում, ավաղ: Մեկ-մեկ պետք է սփյուռքին էլ տեղ տալ։ Բնական է, որ ինքն այն երգիչը չէ, որ ձայնադարանումս տեղ ունենա։ Ես Կոմիտասով եմ մեծացել եւ ինձ համար Կոմիտասն է հայ երաժշտության հիմքն ու գույնը:

Կարծում եմ, մենք այլ աղմկահարույց գործեր ենք ունեցել Հասմիկ Պողոսյանի օրոք՝ «Սպարտակի», «Աիդայի» հրաշալի բեմադրությունները, դա՛ է աղմկահարույց, որ այս որակի ներկայացումներ ունեցանք: Առհասարակ մշակույթի ոլորտում ինձ համար մեծ ձեռքբերում էր Հայաստանի ջազ նվագախմբի 2014-ի նոյեմբերի 29-ի համերգը, Մալյան Թատրոնի «Սիրելի Պամելան» , դիպլոմային «Խաղում ենք Շեքսպիր» ներկայացումը, Արինա Արարատյանի բալետային բեմադրությունները, Տիգրան Համասյանի, Միքայել Ոսկանյանի ազնիվ արվեստը, գրողները, նկարիչները, որոնք շատ են ու այս անունները անվերջանալի են»:

Վերջին ձեռքբերումը, ըստ Շուշան Պետրոսյանի, Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմն է. «Հեկեկում էի, խոսքեր չկային։ Էդ երեխեքի տեսակից ես ապրիլին եմ տեսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես ցանկանում եմ յարգելի տիկին Պատգամաւորին ասել, որ ճիշտ եզրակացութիւն չէ, որ իբր թէ Սփիւռքն է ուզում Արմէնչիկին: Ճիշտ է, որ երբ նա որեւէ տեղ համերգ է ունենում, բազմամարդ են այցելուները, բայց շատ-շատ մեծ թիւ են ներկայացնում այն սփիւռքահայերը, որ հեռու են մնում ռաբիզական նոյնանման ձեռնարկներից: Հաւանաբար յարգելի Պատգամաւորը պէտք պիտի ունենայ նաեւ փաստերի: Խնդրեմ, թող վերցնի Արմենչիկի ելոյթի քաղաքում ապրող հայերի եւ նրա ելոյթը յաճախող հայերի թուերի տոկոսային համեմատութիւնը: Որից յետոյ վստահ եմ, որ տիկին Պատգամաւորը բարիացակամօրէն կը սրբագրի իր եզրակացութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930