Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին. «Գռեհիկ սոցիալիզմի դրսեւորում է»

Նոյեմբեր 08,2016 15:22

«Բարի «ձմեռ պապիկներին» չեմ հավատում: Այդ պատճառով նման նվերները կարող են վատ ավարտ ունենալ՝ ինչպես 2014 թվականին, երբ Հայաստանը Ռուսաստանից էժան գազ ստացավ, բայց հետո պարզվեց, որ 300 միլիոն դոլարի չափով տարբերություն է պարտք»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն՝ անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը: Ըստ նրա, «Գազպրոմը» պատրաստվում է օգնել Հայաստանին, բայց այս օգնությունն, ինչպես ասաց պարոն Խաչատրյանն, անշահախնդիր չէ:

Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ՝ գազի սակագնի նվազեցման հետեւանքով «Գազպրոմ Արմենիան» մոտ 15 միլիարդ դրամ կկորցնի:

Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ասել է. «Պետությունը հանդիսանում է փայատեր ցանկացած բացված բիզնեսի: Եթե բիզնեսմենը պարկեշտ, առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք այդ բիզնեսի զարգացմանը: Իսկ եթե կլինեն բիզնեսներ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաեւ այդ բիզնեսների դեմ»:

ՊԵԿ նախագահի այս հայտարարության առնչությամբ Վահագն Խաչատրյանն ասաց, որ պետությունն իրավունք չունի փայ մտնել բիզնեսին. «Նա ասել էր, որ պետությունը փայատեր է ցանկացած բիզնեսի, եւ այդ փայի ներկայացուցիչը հարկային մարմինն է: Սա շատ վտանգավոր երեւույթ է, գռեհիկ սոցիալիզմի դրսեւորում է: Դրանով փորձում են խաթարել մասնավոր բիզնեսի անձեռնմխելիությունը»:

Կառավարության 2017 թվականի բյուջեն համեմատելով 2016-ի հետ, տնտեսագետն ասաց, որ այն զիջում է այս տարվա բյուջեին՝ բոլոր բաղադրիչներով, առաջին հերթին՝ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսմամբ:

Հայաստանի պետական պարտքն, ըստ տնտեսագետի, մոտենում է 6 միլիարդի, եւ դա փակելու համար մենք ստիպված ենք նորից պարտք վերցնել: Այս իմաստով, ինչպես ասաց պարոն Խաչատրյանը, փակ շրջանի մեջ ենք. «Մեզ պահում ենք վատ վարկառուի պես, որը անընդհատ վարկեր է վերցնում, չի կարողանում մարել դրանք, տունն է գրավ դնում, մեքենան, հետո այլևս ոչինչ չի մնում գրավ դնելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930