«Իշխանությունները հրաժարականի ուղարկեցին ՀՀ պատմության մեջ ամենաօլիգարխիկ կառավարությանը՝ հասկանալով, որ առաջվա պես շարունակել չի ստացվում»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր խոսելով նոր կառավարության մասին, ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ըստ նրա, կառավարության բարեփոխումների համատեքստում մեծ է «նախընտրական տրամաբանության» չափաբաժինը. «Այս գործին լծվել է «Գազպրոմը», որը կառավարության համար «ջերմոցային պայմաններ» է ստեղծում՝ քաղաքական հաջողությունների հասնելու համար»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ որքանո՞վ եք համամիտ պնդումների հետ, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո գազի սակագինը կրկին կբարձրանա: «Հաշվի առնելով, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում «Գազպրոմը», ոչ մի բան բացառել պետք չէ: Ռուսական տնտեսվարող սուբյեկտն առանձնանում է իր ոչ թափանցիկությամբ: Դա այն ընկերությունն է, որի հիսունից ավելի մասնաճյուղեր արդեն ընկել են ամերիկյան պատժամիջոցների տակ»,- պատասխանեց Ռուբեն Մեհրաբյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ նա կարծիք հայտնեց, որ ով էլ լինի ԱՄՆ նախագահ՝ արտաքին քաղաքականության մեջ շատ մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա. «Թրամփը գաղափար չունի՝ աշխարհում ի՞նչ է կատարվում…Տեսնում ենք, որ նա գրեթե շանս չունի ընտրվելու: Այնպես որ, կունենանք դեմոկրատ նախագահ: Քլինթոնը պետքարտուղար եղած ժամանակ եղել է Հայաստանում: Նրա նախագահ դառնալով՝ նոր շունչ կարող է հաղորդվել հայ-ամերիկյան հարաբերութուններին, նաեւ՝ տարածաշրջանային զարգացումներին՝ կապված Արցախի հակամարտության կարգավորման եւ հայ թուրքական հարաբերությունների հետ: Դրանք այն ոլորտներն են, որոնցով նա անձամբ է զբաղվել՝ պետքարտուղար եղած ժամանակ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ