Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանն առաջարկում է տնտեսական համաներում անել օլիգարխների նկատմամբ՝ ապօրինի ձեռք բերածը բերեն հետ տան

Նոյեմբեր 08,2016 15:10

Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա, բնականաբար նրա վերադարձը ընտրությունների հետ կապված է դիտարկվում, Դուք պայքարելո՞ւ եք նրա դեմ՝ հաշվի առնելով, որ նաեւ ձեր ընտրազանգվածն է իրենով անելու՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ նա ի զորու է վերահսկել: Սա փորձ է, որը պետք է իրականացվի, բայց ես չեմ կարծում, որ այդ փորձը կունենա հաջողություն»:

Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը մի անգամ փորձել է եւ նրան հաջողվել է բավականին մեծ ընտրազանգվածի տիրապետել՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Մենք մի անգամ տեսանք եռյակն ինչ կարողացավ իրականացնել, հետեւաբար նրանց փորձը հաջողված չէ: Որպես հանրություն, մենք հասկանում ենք այս ամենը: Որպեսզի ընդդիմությունը կարողանա լիարժեք մասնակցի, նա պետք է ունենա իր ծրագիրը: Եթե դու չես ներկայացնում այդպիսի բաղադրիչներ, դու ընդդիմություն դիտարկվել չես կարող: Ինչի՞ն ես ընդդիմանում, շատ կարեւոր է՝ դու ինչին ես դեմ: Եթե ասում ենք՝ դեմ ենք Սերժ Սարգսյանին, միայն Սերժ Սարգսյանով չի պայմանավորված այսօրվա մեր կյանքում տեղի ունեցող արատավոր երեւույթները: Իհարկե, կարեւոր են անձինք, նրանք կարող են մեղմել կամ սրացնել իրավիճակը, բայց մենք հասկանում ենք, որ խնդիրը համակարգի մեջ է, քաղաքական օրակարգի մեջ է, որը պահանջում է վերից վար փոփոխություններ»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ եթե պետք է պահպանվի այս արատավոր համակարգը, ով էլ լինի, այդ երեւույթները շարունակելու են տեղի ունենալ: Նա ասաց, որ իրենց խնդիրն է դեմ լինել ընդհանուր համակարգին:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անել՝ կուլակաթա՞փ անել վերից վար՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Կուլակաթափը հենց այն է, ինչ ցանկանում են անել այս պահին իշխանությունները, այսինքն, պահել, եւ փաստացի ապօրինի ձեռք բերվածը վերցնել: Երբ դու ապօրինի ձեռք բերվածը նույն ապօրինությամբ ցանկանում ես վերցնել, դա նշանակում է, որ դու ցանկանում ես ուղղակի ապօրինի սեփականատիրոջը փոխել մեկ այլ ապօրինի սեփականատիրոջով, մինչդեռ մենք ցանկանում ենք ոչ թե այդպիսի փոփոխություններ, մենք ցանկանում ենք համակարգային փոփոխություններ»:

Զարուհի Փոստանջյանն առաջարկեց իր լուծումը. «Տնտեսական համաներում պետք է լինի: Եթե մարդիկ կամովի գալիս են եւ փոխանցում են այն, ինչ ապօրինաբար ձեռք են բերել, նրանք կարող են համաներվել: Այսպես պետք է հաղթահարել ճգնաժամը: Իսկ եթե դա չես իրականացնում, թափանցիկ պայմաններում դա չի լինում, օրենքը չի կիրառվում բոլորի նկատմամբ հավասարապես, այլ մեկը ցանկալի է, որ ընկնի սեւ ցուցակի մեջ, իսկ մնացածը չեն ընկնելու, սա նշանակում է, որ դու պահում ես այդ ավտորիտար համակարգը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930