Հայաստանում անցած տարվա համեմատությամբ, 0-4 տարեկանների մահվան դեպքերը 35-ով նվազել են՝ հասնելով 298-ի: Հիմնական մահվան պատճառ հանդիսացող հիվանդություններից ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից` 9 հազար 788 մահվան դեպք, որոնցում նվազման միտում կա:
Հաջորդիվ մահացության պատճառ նշվում են նորագոյացությունները, շնչառական հիվանդությունները, մարսողական եւ վարակիչ հիվանդությունները: Այս մասին նոյեմբերի 8-ին «Հայացք» մամուլի ակումբում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա ներկայացնելով անցած 9 ամիսների ժողովրդագրական իրավիճակը` նշեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկրում մշտական բնակչության թվաքանակը արձանագրվել է 2 միլիոն 993 հազար 9 հարյուր` նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 10 հազար հարյուր մարդով:
Դիտարկելով քաղաքային եւ գյուղական բաշխումները, տիկին Կույումջյանն ասաց, որ մեր բնակչության 1 միլիոն 9 հարյուր 4 հազար 600-ը քաղաքաբնակներ են, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ եւս նվազել է 6 հազար 3 հարյուրով. «Իսկ գյուղական բնակչության թվաքանակը կազմել է 1 միլիոն 89 հազար 300, որ նույնպես 2015 թվականի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 3800-ով»:
Կարդացեք նաև
Հիմնական ժողովրդագրական ցուցանիշներին անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ 9 ամսվա ընթացքում կենդանի ծնունդները կազմում են 29 հազար 914, նախորդ տարվա համեմատությամբ նվազումը կազմելով 2,3 տոկոս. «Մահացության դեպքերը կազմել են 20 հազար 427, նախորդ տարվա համեմատությամբ այս թիվը եւս նվազել է 2,5 տոկոսով: Ծնունդների հարաբերական ցուցանիշները` 1000 կազմել է 13,3 տոկոս, 2015 թվականի` 13,6 տոկոսի համեմատ: Մահվան դեպքերում եւս ունենք ցուցանիշների նվազում` 1000 բնակչի հաշվով մահվան դեպքերը կազմել է 9,1 տոկոս պրոմիլ, նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 0,2 տոկոս պրոմիլային կետով»:
Մարզային կտրվածքով դիտարկելիս՝ տիկին Կույումջյանը ներկայացրեց, որ ծնելիության ցուցանիշները բարձր են Երեւան քաղաքում, Արարատի եւ Կոտայքի մարզերում, իսկ ամենացածրը գրանցվել է Սյունիքի եւ Տավուշի մարզերում:
Մահվան դեպքերին անդրադառնալով՝ մասնագետը նշեց, որ բարձր ցուցանիշներ գրանցվել են Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում:
Ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշ գրանցվել է Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում, մնացած բոլոր մարզերում, ըստ Կարինե Կույումջյանի, ամուսնության մակարդակի նվազում է նկատվել` ամենացածրը Գեղարքունիքում. «Ամուսնության դեպքերը 9 ամսվա կտրվածքում կազմել են 12 հազար 88 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 7,9 տոկոսով եւ 1000 բնակչի հաշվով ցուցանիշը կազմել է 5,4 պրոմիլ: Ամուսնալուծության դեպքերը մեր երկրում կազմել են 2 հազար 682՝ նախորդ տարվա նույն ժամանակվա համեմատությամբ դեպքերը նվազել են 4,2 տոկոսով: Ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշ գրանցվել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում»:
Հայաստանի կենսունակության ցուցանիշը, որը ցույց է տալիս ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, ըստ տիկին Կույումջյանի, 146,4 տոկոս է, որտեղ ծնելիության դեպքերը գերազանցում են մահվան դեպքերին 46,4 տոկոսով:
Սահմանային ելքերի եւ մուտքերի ցուցանիշը, ըստ տիկին Կույումջյանի, կազմում են 2 միլիոն 75 հազար 877 մուտքեր, իսկ ելքերը` 2 միլիոն 162 հազար 571:
Կյանքի սպասվող տեւողությունը տղամարդկանց համար գրանցվել է 71,1 տարի, իսկ կանանց համար 78,2 . «Ժողովրդագրության տեսանկյունից մեր երկրում 65 տարեկանից սկսած՝ մահացության տվյալները ավելանում են»,-ասաց Կարինե Կույումջյանը:
Նա նաեւ նշեց դժբախտ պատահարներից մահացածների ցուցանիշը` 4,8 տոկոս, որը անցած տարվա` 4,7 տոկոսի նկատմամբ մի փոքր աճ է գրանցել:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ