Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախկին նախարար. «Արամ Ասատրյանը ռաբիս չէ»

Նոյեմբեր 08,2016 15:31
aram

«Ժողովուրդը» հիշեցրել էր, որ 2003 թ. Գլենդելում Արամ Ասատրյանի 50-ամյակի առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը հատուկ որոշմամբ Արամ Ասատրյանին շնորհել է «Ժողովրդական գուսան» կոչումը, եւ այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարը Ռոլանդ Շառոյանն էր, որը Պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Լաերտ Մովսիսյանին տվել էր իր կողմից կայացված «Ժողովրդական գուսան» որոշումը եւ գործուղել ԱՄՆ՝ կոչումը հանձնելու:

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում Ռոլանդ Շառոյանը նշեց, թե ինչպես է ժամանակին Լաերտ Մովսիսյանն իրեն տեղեկացրել ԱՄՆ գնալու, Արամ Ասատրյանի 50-ամյակի հրավերքի ու հոբելյանի առիթով նախարարի՝ համապատասխան խոսք ուղղելու երգչի խնդրանքի մասին:

«Ես Լաերտ Մովսիսյանին ասացի, որ մեր սերունդը Արամ Ասատրյանին ռաբիս երգիչ չի համարում: Ինքն ինձ համար ռաբիս չէ, թեեւ շատ ռաբիս երգեր էլ է կատարում, բայց ունի նաեւ երգեր, որոնք ռաբիսի մատույցներում են, մի մասն էլ դրանից բարձր են: Ճիշտ այնպես, ինչպես գրականության մեջ. Թումանյանն ուրիշ է, Մաթեւոսյանը ուրիշ է, Մուշեղ Գալշոյանը լրիվ այլ է: Մեր օրերում էլ կան գրողներ, որոնց անունն էլ կարող եմ հանգիստ հնչեցնել, որովհետեւ նույն համքարությունից են, ուղղակի մեկը բարձր գրականություն է տալիս, մյուսը՝ ազգային, մեկը մի քիչ տարբեր: Կան մարդիկ էլ, որ Հրանտ Մաթեւոսյանին նույնիսկ գյուղագիր են անվանում:

Իմիջիայլոց, ինձ շատ ինքնահռչակ գուսաններ էին մոտեցել, որոնք ուզում էին կոչումներ ստանալ, ես նրանց բացատրել էի, որ կոչումները վերացնելու մասին նախագիծ եմ ներկայացրել, որը նախագահի գրչին է հանձնված՝ ստորագրության համար: Առաջարկել էի պահպանել միայն շքանշաններն ու մեդալները: Նախագիծը քննարկել էի նաեւ Սոս Սարգսյանի հետ: Նախագահին առաջարկել էինք, որ եթե անգամ կոչումները պահենք, ապա դրանք տրվեն միայն մեծ ժողովրդականություն վայելողներին, օրինակ՝ գուսաններին: Հենց այդ զրույցից հետո էր Լաերտը եկել մոտս»,- հիշեց պարոն Շառոյանը: Մշակույթի նախկին նախարարի ձեւակերպմամբ. «Շատ բաներ կան, որ չեմ ընդունում, բայց Արամ Ասատրյանն իմ սերնդի համար ուրիշ է, անգամ չգիտեմ՝ «Պառավ յարս» երգը ի՞նքն է գրել, թե՞ ուրիշը, կամ «Սուրբ Սարգիսը», իր մյուս երգերը եւս լսել եմ ու չեմ կարծում, թե կլինի մեկը, որ նրա մի երգի տակ որեւէ խնջույքի ժամանակ պարած կամ երգած չլինի: Դրանով Արամ Ասատրյանը Արամ Խաչատրյանի ու Կոմիտասի հետ չի կարող նույն գնացքով գնալ, բայց որ Արամի վայելած ժողովրդականությունը իրեն առանձնացնում է ներկայիս ռաբիս աստղերից, փաստ է: Այո, ես այդ հրամանագրով շնորհավորել եմ իր 50-ամյակը եւ գրել եմ, որ արժանի ես ժողովրդական գուսանի կոչման: Իմիջիայլոց, Արամին անձամբ ճանաչել եմ՝ ուրիշ դիպվածով»:

Ռոլանդ Շառոյանը հավելեց, որ դեռեւս այն ժամանակ ասել էր, որ դա առաջին ու վերջին կոչումն է, որովհետեւ դրանք հանվելու են, սակայն նրա խոսքերով. «Այն նույն մարդիկ, որոնք հիմա պայքարում են Արամ Ասատրյանի ու իմ դեմ, ժամանակին Սոս Սարգսյանին համոզեցին, տարան նախագահի մոտ եւ փոխեցին այդ նախագիծը, ինձանից եկողները վերականգնեցին կոչումները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930