Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսի հայր. «Հրաչյայիս տղան կմեծանա ու հոր շարունակողը կլինի»

Նոյեմբեր 08,2016 12:47

Հրաչ Սամվելի Մուրադյան, 33 տարեկան: Ծնվել է 1983թ. Երևան քաղաքում, 2000 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը, այնուհետև ընդունվել է Մ.Մաշտոցի անվան համալսարան, սակայն ուսումը թողնելով կիսատ՝ մեկնել է պարտադիր զինվորական ծառայության՝ Հորադիզ: Վերադառնալուց հետո ընդունվել է փորձագիտական քոլեջ, այնուհետև՝ Ճգնաժամային կառավարման ինստիտուտ: Մինչև պայմանագրային զինծառայության մեկնելը աշխատել է թարգմանչական գրասենյակի փոխտնօրեն, հետո գործարանում բանվոր: Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:

Հրաչ Մուրադյան

Հրաչ Մուրադյան

«Քաջերի հարությունն է մահը»,-ասում էր Նժդեհը. ընդամենը երեսուներեք տարեկանում քաջությամբ հարություն առավ նաև Հրաչյա Մուրադյանը՝ թշնամու գնդակով անմահացած ու իր անմահությամբ կռվողների ոգին կրկնապատկած հերոսը:

Սիրելի ծնողները, երիտասարդ կինը, կարոտով հայրիկին նամակ գրող երեք փոքրիկները Հրաչյային տանն էին սպասում, իսկ հայրենիքը՝ իր սահմանների մոտ, վիրավոր ընկերն էլ էր նրան սպասում՝ խրամատից դուրս: Հրաչյան ընտրեց հայրենիքի սահմանը, հետո նաև խրամատից դուրս տնքացող ընկերոջը…

Այն տղաներին, ովքեր իրենց կյանքը նվիրում են հայրենիքին, մենք հերոսներ ենք կոչում, իսկ ինչպե՞ս կոչենք այն հերոսին, ով իր կյանքը հայրենիքին նվիրեց վիրավոր ընկերոջ կյանքը փրկելիս…մենք նրան Հրաչյա Մուրադյան կկոչենք…

«Շատ արժեքներ սկսում եմ գնահատել հենց սահմանին կանգնած, երբ հետ եմ նայում, տեսնում եմ՝ մեր խաղաղ բնակիչների լույսերը վառվում են,- հերոսի խոսքերն են. մայրը՝ տիկին Գոհարն է պատմում՝ մի կերպ խեղդելով արցունքները,-մա՛մ ջան, դու հանգիստ քնիր, քո համար ենք կանգնում, մեր բոլոր մայրերի համար ենք կանգնում»:

Ապրիլի 7-ին էլ հասցրել է զանգել, մայրիկին շնորհավորել ու ասել, որ շա՜տ է սիրում…

«Տղաս գտավ իր հանգիստը իր ցանկացած Եռաբլուրում: Մորն ասում էր՝ մամ ջան, ինչ պիտի անեմ, որ կյանքս էս բլուրի վրա ավարտեմ, որ էդ պատվին արժանանամ,-ասում է հերոսի հայրը՝ Սամվել Մուրադյանը,-hիմա Հրաչյայիս տղան կմեծանա ու հոր շարունակողը կլինի»:

Հրաչյայի ընկերը՝ Բագրատ Մկրտչյանը լավ է հիշում ընկերոջ խոսքերը, որ ասում էր՝ եթե պատերազմ լինի, ես առաջինը պիտի գնամ:

hrachya-muradyan-1«Կենսուրախ մարդ»,-այսպես է բնորոշում հերոս ամուսնուն Աննան, ասում է՝ սիրում էր ընտանիքը, երեխաներին: Ամեն օր հետաքրքրվում էր երեխաների դասերով: Միշտ ուրախանալու առիթ էր գտնում, իր հետ երբեք չէիր ձանձրանա:

Տան մեջ վազվզող երկուսուկես տարեկան Սամվելի հագին հայրիկի գնած հագուստն էր: Հենց հարցրինք՝ ով է գնել իր հագուստը, միանգամից ասաց՝ պապա: Սա միակ բառն էր, որ լսեցինք քչախոս փոքրիկի բերանից: Աննան հիշում է, թե ինչպես Հրաչյան տղայի համար «իսկական տղամարդու» հագուստ ընտրեց. «Իմ տղան ծանր տղայա, պիտի մուգ գույներ հագնի»:

Դստեր՝ փոքրիկ Արմինեի հիշողություններում հայրիկն իրենց կողքին է, այգում, իր, քույրիկի ու փոքր եղբոր ձեռքը բռնած, իրենց կամակորությունները կատարելիս:

«Բա-արև իմ սիրելի՛ հայ-րիկ, ես ցանկանում եմ, որ դու առողջ լինես, չհիվանդանաս… Արմինեի կողմից այս նամակը իմ սիրելի հայրիկին». թեկուզ շատ բան հստակ չգիտակցելով՝ փոքրիկ Արմինեն պահում է իր նամակը, հայրիկի մասին ժպիտով է խոսում, իսկ մայրիկի ու տատիկի արցունքներից հուզվում է: Տարիներ անց նա հայրիկին ուղղված իր նամակը արդեն վարժ ու ամեն բառը մանկության հիշողություններից հստակ վերծանելով կկարդա, կհպարտանա հերոսի դուստր լինելու իր պատվով:

«Ես ամեն օր պապայի մասին եմ մտածում, ես կարոտում եմ իրեն»,-Հրաչյայի մյուս դստեր` Գոհարի խոսքերն են, որը դեռ չգիտակցված հպարտությամբ բարձրաձայն կարդում էր. «Հրաչյա Սամվեի Մուրադյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»…

Փոքրիկները հասցրել էին հայրիկի հետ որոշել իրենց ապագա մասնագիտությունը, Գոհարիկը պիտի նոտար դառնա, Արմինեն՝ ակնաբույժ, իսկ փոքրիկ Սամվելի համար էլ՝ դատախազի մասնագիտությունն են ընտրել:

Աղջիկները դպրոցում գերազանց են սովորում, գիտեն՝ հայրիկի երազանքը պիտի կատարեն…

Հերմինե ՂԱՐԻԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930