Հայաստանից փախած և Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը և իրեն վտարանդի գրող և իրավապաշտպան հայտարարած Վահե Ավետյանը մեկնել են Բաքու՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված համաժողովի:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախքան համաժողովը նրանք այցելել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին:
«Ես խոսում եմ ադրբեջանական ԶԼՄ-ների հետ, քանի որ նրանք հետևողականորեն տպում են Հայաստանի հասցեին քննադատությունները: Հայաստանի ծախված շները, լրագրողները, իրավապաշտպանները, իսկ հիմա արդեն կոնյուկտուրային «խաղաղապահները», դրամաշնորհների և կաշառքի հաշվին դա երբեք չէին անի»,- սոցցանցերում հայտարարել է Վահե Ավետյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, սա Վահե Ավետյանի կողմից Բաքու այցելելու երկրորդ փորձն է: Ավելի վաղ նա վայրէջք էր կատարել Բաքվի օդանավակայանում, որտեղ 2 օր սպասելուց հետո վերադարձել էր Շվեդիա, քանի որ Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ չէին ընդունել նրան:
Ինչ վերաբերում է Վահան Մարտիրոսյանին, ապա նա կնոջ և երեխաների հետ քաղաքական ապաստան էր խնդրել Ադրբեջանից, այնուհետև տեղափոխվել էր Ուկրաինա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ