Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

500 հայերեն ներդիր-թերթիկ սպասում է օպտիմալ մեթոդին

Նոյեմբեր 08,2016 12:18

Դեղերի հայերեն ներդիրների վերաբերյալ նոր օրենքի կիրառման մեթոդը դեռևս հստակ մշակված չէ: Մեծածախ և մանրածախ օղակների հետ քննարկումից հետո միայն կընտրվի Հայաստանի համար ամենաօպտիմալ տարբերակը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունիսին ընդունված «Դեղերի մասին» նոր օրենքի համաձայն՝ «Մանրածախ իրացվող դեղերը պետք է ապահովվեն հայերեն ներդիր-թերթիկով` Լիազոր մարմնի սահմանած կարգով, ընդ որում դեղատներից դեղերի իրացումը հայերեն ներդիր-թերթիկով պարտադիր է գնորդի կողմից նման պահանջի ներկայացման դեպքում»:

«Հաճախ որևէ արտադրողի համար հարմար չէ հենց Հայաստանի համար հայերեն ներդիրներով տուփեր պատրաստել,ինչը պայմանավորված է Հայաստանի շուկայի փոքրությամբ, երբ շուկան գայթակղիչ չէ արտադրող պետության համար և խոչընդոտներ է ստեղծում, հաճախ հրաժարվում են երկրի շուկայում իրենց դեղերը շրջանառելուց: Այդ պատճառով փորձ է արվել՝ գտնելու արդյունավետ տարբերակ, բայց թե ինչպես այն տեղի կունենա, դեռ մշակված չէ,պետք է լինի հրաման, որտեղ կնկարագրվի ընթացակարգը, և քննարկումների, գնահատման արդյունքում կընտրվի ամենաօպտիմալ, քիչ ծախսատար, արդյունավետ տարբերակը». ասում է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կան կանխատեսելի մի քանի տարբերակներ՝ մեծածախ արտադրողն ինքը պիտի տա դեղատանը կամ կցի դեղին, դեղատունը համապատասխան կայքից պիտի տպի ու տա հայերեն ներդիրը կամ օտարերկրյա արտադրողն ի սկզբանե հայերեն ներդիրը կդնի տուփի մեջ, հատկապես հիմա, երբ ԵԱՏՄ-ի կազմում ենք, հնարավոր է այդ միության արտադրողը միության մյուս երկրների լեզվով ներդիրներ դնի, եթե դա նախատեսված է ամբողջ միությունում շրջանառելու համար:

Հարցին, թե հիմա որքանով է հավանական ոչ այնքան գայթակղիչ շուկա ունենալով հանդերձ՝ հայերեն ներդիր-թերթիկներով դեղեր ներկրելու համաձայնություն ունենալ բոլոր երկրների հետ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Դեղի գրանցման ժամանակ հայերեն ներդիր-թերթիկը տրամադրվելու է այդ նույն հայտատուին, որը դեղը պիտի առաքի Հայաստան, մենք ամեն դեղին տալու ենք գրանցման վկայական՝ հայերեն ներդիր-թերթիկով, թե նրանցից քանիսը կորոշի այն տեղադրել դեղի մեջ, նոր առաքել՝ այնքան էլ քիչ հավանական չէ. սկզբում կլինի փոքր թվով, հետո աստիճանաբար կավելանա»:

Կազդի՞ այն արդյոք ներկրվող դեղերի գնի վրա՝ Լիլիթ Ղազարյանն ասաց, որ միևնույն է՝ արտադրողը տպագրություն իրականցնում է, գնային խորը տարբերություններ չեն լինի արտադրողի համար:

Մեկ այլ հնարավոր տարբերակի դեպքում՝ դեղատները պետք է ապահովված լինեն համակարգիչներով, տպիչ սարքերով, համացանցով, թղթերով ու թանաքով: Ծախսերը կհոգա պետությունը, թե դեղատունը, այս և նմանատիպ այլ հարցեր դեռ պարզ չեն, քանի որ մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հնարավոր տարբերակների գնահատումից հետո միայն պարզ կդառնա, թե ինչ ծախսի մասին է խոսքը, դեղատունն ինքը կարող է կրել, թե աջակցություն պետք է ստանա:

Ներկրվող դեղերից բացի՝ հայկական շուկայում կարելի է հանդիպել տեղական արտադրության դեղերի, որոնք ունեն ռուսերեն լեզվով ծավալուն ներդիրներ և տուփի վրա հայերենով ընդամենը մի քանի ցուցում:

Եթե ներկրվող դեղերի դեպքում քննարկվող տարբերակներ կան, ապա տեղական արտադրողներն իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո պարտավորվում են հայերեն ներդիր-թերթիկով ապահովել հենց արտադրությունում:

Սակայն բոլոր շրջանառվող դեղերը չեն կարող միանգամից հայերեն ներդիր-թերթիկ ունենալ, հետևաբար ամեն տարի կարող են պատրաստվել մաքսիմում գրանցված դեղերի թվով ներդիր-թերթիկներ, դա նշանակում է, որ դրանց թիվը չի անցնի տարեկան 500-ը, ու ոչ շուտ, քան 5 տարի հետո նոր մենք կունենանք բոլորը պատրաստ վիճակում: Այսինքն՝ 2017թվականին մենք արդեն կունենանք ոչ ավելի, քան 500 ներդիր թերթիկ պատրաստ:

 

Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930