Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրային անկեղծ քննարկումները դրական քայլ են»

Նոյեմբեր 08,2016 10:35

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը`
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

– Պարոն Ուորլիք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցից տպավորություն ստեղծվեց, որ նախկին սրությամբ չի դրվում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման միջնորդների առաջարկը, միջնորդները կենտրոնացան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման թեմայի վրա: Հայտնի է, որ պաշտոնական Բաքուն չէր ընդունում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների առաջարկը: Արդյոք այս հարցը այլեւս առաջնային չէ՞ միջնորդների համար եւ դո՞ւրս է եկել օրակարգից:

– Մենք շարունակում ենք աջակցել հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմի ձեւավորմանը՝ որպես կարեւոր տարր ապահովելու հարգանքը հրադադարի նկատմամբ այնժամ, երբ ընթանում են բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել խնդրի կարգավորման: Մենք հանձն ենք առել մշակել գործուն պլան, որը շարունակում ենք առաջ քաշել կողմերի հետ քննարկումներում եւ Վիեննայում:

– Երեւանում կազմակերպված Ձեր մամլո ասուլիսում հստակ արձանագրեցիք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ անկեղծ քննարկումներ ծավալելու անհրաժեշտությունը, Բաքվում եւ Երեւանում նույնիսկ ողջունեցիք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղին ինքնավարության աստիճան տրամադրելու մասին՝ որպես Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկման մեկնարկ: Կարո՞ղ ենք այսօր արձանագրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կողմերը քննարկում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու հարցը, եւ Ադրբեջանի իշխանությունների առջեւ այդ հարցը դրված է:

– Կարեւոր է գիտակցել, որ կարգավորումը շատ տարրերի է առնչվում: Սա ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց նաեւ տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության, միջազգային խաղաղապահների տեղակայում, ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձ, ենթակառուցվածքների եւ հեռահաղորդակցության օղակների վերականգնում եւ այլ հարցեր: Մենք հավատացած ենք, որ կարգավիճակի վերաբերյալ հանրային անկեղծ քննարկումները դրական քայլ են:

– Պարոն դեսպան, հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշեց հետեւյալը. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է»: Հետաքրքիր է իմանալ, այնուամենայնիվ, ԼՂ կարգավորման հարցով ռուսական առանձին պլան կա՞, կամ ինչպես ընդունված է ասել` «Լավրովի պլան» գոյություն ունի՞, թե՞ դրանք շահարկումներ են, եւ խոսքը ընդամենը գոյություն ունեցող ռուսական ակտիվ ջանքերի մասին է: Պարոն Ուորլիք, մենք ականատես ենք դարձել Արեւմուտք-Ռուսաստան լուրջ դիմակայության այս փուլում: Մշտապես հայտարարվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, նրանք արդյունավետ կերպով աշխատում են այս ձեւաչափում: Հարցս հետեւյալն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այսօր Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հակասություններ գոյություն ունե՞ն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում:

– Կողմերը միջնորդական ջանքերի համար որպես ընդունելի խողովակ ընտրել են ԵԱՀԿ Մինսկի խումբն ու եռանախագահներին: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները հստակ մատնանշել են, որ պատրաստ են աշխատել միասին եւ օգնել՝ գտնելու խաղաղ լուծում: Մենք միասին աշխատել ենք այժմ քննարկվող առաջարկների ու գաղափարների շուրջ ու կշարունակենք սերտորեն գործակցել:

– Կա՞ արդյոք հստակություն Սարգսյան-Ալիեւ ձեւաչափով հանդիպման կազմակերպման ժամկետների եւ հանդիպման վայրի վերաբերյալ:

– Հուսով ենք, որ երկու նախագահներն առաջին իսկ հնարավորության դեպքում կհանդիպեն՝ քննության առնելու առանցքային հարցերը: Նման դեմ առ դեմ հանդիպումներն անփոխարինելի են, սակայն միայն իրենք կարող են որոշել՝ երբ եւ որտեղ հանդիպել:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930