Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչով կերակրել չինովնիկին

Նոյեմբեր 08,2016 10:17

Կադրային խնդիրը պետական կառավարման օղակներում շարունակում է արդիական մնալ: Պատկերացրեք, օրինակ, ՏՏ ոլորտի մի մասնագետի, որն իր աշխատանքի համար ստանում է մեկ միլիոն դրամ «սպիտակ» աշխատավարձ: Հայաստանի համար դա շատ լավ աշխատավարձ է՝ չնայած, հաշվի առնելով ներկայիս գները, առանձնապես ճոխ չէ: Այդ մասնագետին կանչում է վարչապետը եւ նախարարի կամ փոխնախարարի պաշտոն առաջարկում՝ ասենք, 400 հազար դրամ աշխատավարձով: Դա կարող է նշանակել երկու բան. կա՛մ այդ մարդուն ասվում է՝ «արի՝ գողացիր», ինչը, հուսով եմ, այս կառավարության պարագայում տեղի չի ունենա: Կամ՝ «ես քեզ 600 հազար դրամ «պակասորդը» ծրարով կտամ»: Որտեղի՞ց: Ստվերի՞ց: Դարձալ ինչ-որ տեղից գողացած փողերի՞ց: Նույնը չէ՞: Կա եւս մի տարբերակ, որն առայժմ կիրառվում է բազմաթիվ նախարարների դեպքում. գալիս են արդեն իսկ ինչ-որ (ազնիվ, անազնիվ կամ կիսաազնիվ) ճանապարհներով հարստացած մարդիկ, որոնք մի քանի տարի կարող են առանց տուժելու ծախսել իրենց հավաքած «պաշարները»:

Բայց դա էլ լուծում չէ: Ենթադրենք, այդ մարդիկ կաշառք չեն վերցնի, նոր բիզնեսների մեջ չեն մտնի, ֆիկտիվ ԾԻԳ-եր կամ ՊՈԱԿ-ներ չեն ստեղծի եւ անկեղծորեն կծառայեն պետությանը: Իսկ փոխնախարարները, վարչության պետերը, բաժնի վարիչնե՞րը: Նրանցից շատերը նախարարների նման միլիոնատերեր չեն եւ ծախսելու պաշարներ չունեն: Իհարկե, կլինեն գաղափարի մարդիկ, հայրենասեր երիտասարդներ՝ ներկայիս առողջապահության փոխնախարարի նման: Բայց ակնկալել այդ շրջանակներից համատարած ալտրուիզմ, ինձ թվում է՝ միամտություն է: Եթե այդ վարչության պետը տեսնի, որ շարքային մաքսավորը, հարկային տեսուչը կամ միջին մակարդակի ոստիկանը երթեւեկում են «S» կարգի սեփական «Մերսեդեսով», նրա խանդավառությունն, ըստ ամենայնի, պակասելու է:

«Հետհեղափոխական» Վրաստանում, ասում են, Սորոսի հիմնադրամն էր տալիս չինովնիկների աշխատավարձը, որպեսզի չգողանան: Հետո Բիձինա Իվանիշվիլին էր պատմում, թե ի՛նքն էր տալիս այդ աշխատավարձը՝ Սորոսի անվան տակ: Բայց դա, ըստ էության, նույն «սեւ նալն» է, նույն «ծրարը», պարզապես ինչ-որ արտասահմանյան հոտերով համեմված:

Սակայն եթե ես հիմա ասեմ, որ պետական չինովնիկների աշխատավարձը պետք է բարձրացնել (իհարկե, կրճատելով նրանց թիվը՝ այնպես, որ բյուջեից դա հավելյալ ծախսեր չի պահանջի), պոպուլիստներն ինձ հում-հում կուտեն: Բայց այլ ճանապարհ ես չեմ տեսնում: Պետական ապարատում ամեն ինչ պետք է լինի թափանցիկ եւ վերահսկելի: Միայն այդ դեպքում մարդիկ կգնան այնտեղ ծառայելու, ոչ թե իրենց «գործերը դզելու»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ այս աստիճան «այլ ճանապարհ չկա»,
    ինչո՞ւ չմտածենք ուրեմն մի այլ, «արտակարգ» կարելիութեան մասին,
    որ թերեւս նվազ զայրացնէ պոպուլիստները:

    Սփիւռքից բերել ատակ անձեր, որոնք պատրաստ են պետական (ստորադաս, ոչ-շողշողուն) պաշտօններ ստանձնելու, անվճար, սիրահոժար կերպով:

    Սահմանափակ թիւով, եւ ժամանակաւոր կերպով միայն: Որպէս պատվաստ: Որպէս մակարդ:

    Չկա՞ն:
    Փորձենք…
    Թող հաստատվի այդ ուղղությամբ ծրագիր, եւ տեսնենք…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930