Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը մեր լեզուն կարճացրեց». ԼՂՀ-ից փոխանցել են Ստյոպա Սաֆարյանին

Նոյեմբեր 08,2016 00:30

Նախօրեին Արցախում ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց:

Ըստ նրա. «2008 թվականից սկսած ոչ միայն մեր հարաբերությունները Հայաստանի հետ սահմանափակվում էր ֆինանսական միջպետական վարկով, այլեւ ներդրումներ ներգրավելու ու այլ ծրագրեր իրականացնելու առումով: Իսկ մինչեւ 2008 թվականը, այդպիսի հնարավորություններ չկային, դրա համար էներգետիկան չէր զարգանում Արցախում, դրա համար գյուղատնտեսության ոլորտում ակտիվ վարկավորում չէր կատարվում, դրա համար 1996-2008 թվականը մի հատ տեխնիկա Ղարաբաղ չի եկել, դա ղարաբաղյան իշխանության անգործության արդյունք չէր, ՀՀ կառավարության, իշխանության կողմից չկար այն վերաբերմունքը, ինչպիսին ունենք այսօր, դրա համար հիմա մեզ հաջողվում է ավելի մեծ տնտեսական աճ ապահովել: Իսկ ինչ թիվ էր 2008-ը Հայաստանի համար, դուք գիտեք ինչ թիվ է»:

«Եթե ոչ ԼՂԻՄ-ի մասով, ապա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հարակից տարածքների մասով ակնհայտ եղել է քաղաքականություն ոչ միայն տեր չկանգնելու, չվերաբնակեցնելու վերաբերյալ, այլեւ նույնիսկ բնակչության քանակը պակասեցնելու: Պատահական չէ, որ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը, գլուխ էր գովում հայտնի փաստահավաք առաքելության զեկույցի արդյունքում՝ տեսեք այնտեղ մարդ չենք բնակեցնում եւ այլն: Սա ընդգծված խոստովանություն է եղել, որ գոնե այդ տարածքներում որեւէ ձեւով որեւէ ենթակառուցվածք չպետք է զարգացվի եւ բնակչության որեւէ աճ չպետք է խրախուսվի: Խոսքը վերաբերում է նաեւ Լաչինի հատվածին: Իսկ այդ տարածքներում, եթե պետական մակարդակով արգելք է լինում որեւէ բան զարգացնելու եւ ուղղակի տարածքները դիտարկում են ժամանակավոր մի բան, որտեղ կարելի է  սեզոնային ցորեն աճեցնել այնքանով, որքանով այդ տարածքները մեր տրամադրության տակ են, խոսում է նաեւ ԼՂ զարգացման նկատմամբ համալիր ծրագրի բացակայության մասին:

Ես հակված եմ հավատալ ԼՂ վարչապետի հայտարարությանը՝ զուտ այս փաստերին տիրապետելով ու դրանց մասին դատողություններ անելով: ԼՂ զգալի հատվածը հենց այդ տարածքներում է, իսկ եթե իշխանությունը գլուխ է գովում, որ այնտեղ ոչինչ չի անում, միանշանակ է, որ իշխանությունը Ղարաբաղում գրեթե ոչինչ չի անում…

Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո ինձ մի շատ հետաքրքիր բան պատմեցին, անուն չտամ, բայց իշխանության ներկայացուցիչներից մեկն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանը մեր լեզուն կարճացրեց, որովհետեւ նախկինում կարողանում էիք Հայաստանի առջեւ պահանջ դնել, թե ինչպես պետք է վարվի Ղարաբաղի հետ: Ես հասկացա, որ ճշմարտության ինչ-որ հատիկ կա այդ ասածի մեջ, որովհետեւ այստեղ ավելի շատ Ղարաբաղից եկան, քան Հայաստանից գնացին՝ Ղարաբաղը շենացնելու: Նույնիսկ քննարկումներից մեկի ժամանակ շատ դիպուկ դիտարկում եղավ, Ղարաբաղից ինձ ասացին՝ մենք կոռուպցիայի դեմ պայքարելու այդքան մեծ անհրաժեշտություն չունենք, որովհետեւ ինչքան կոռուպցիոներ ունենք՝ ուղակեցինք Հայաստան»,- Aravot.am-ին ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԼՂ վարչապետի դժգոհությանը:

Մեր հարցին, թե 2008 թվականից հետո ԼՂ վերաբերյալ քաղաքականությունը փոխվե՞ց Սերժ Սարգսյանի՝ իշխանության գալով, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե 2008 թվականից հետո ինչ է փոխվել, ինչ ներդրումային ծրագրեր են գնացել կամ ինչն է ավելացել Արցախում, չգիտեմ՝ այս իշխանությունն ինչ ունի հպարտանալու, որպես վերաբերմունքի փոփոխություն, բայց համենայնդեպս, այդ անուղղակի քննադատությունը Ռոբերտ Քոչարյանի հասցեին հիմք ունի, տրամաբանություն ունի, որովհետեւ որոշ դրսեւորումներ մենք տեսել ենք, դա չի էլ թաքցվել:

Հենց այդ շրջանում Արցախի տարածքների վերաբնակեցումը սկսեց բացասական դինամիկա ունենալ, որովհետեւ եթե այնտեղ ծրագրեր չես իրականացնում, այնտեղ գնացած մարդկանց չես պահում, որովհետեւ այդ հողերը համարում ես վերադարձի ենթակա, ժամանակավոր, բնականաբար, երկարաժամկետ ծրագրեր այնտեղ չես իրականացնի: Եթե նույնիսկ ընդունեմ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանն ուղղված նրանց քննադատությունը, հաստատապես չեմ համարի, որ այս իշխանություններին ուղղված նրանց գովասանքի խոսքերը շատ լուրջ, երեւելի ցուցանիշներ ունեն:

Ես Ղարաբաղ եմ այցելում որոշակի պարբերականությամբ եւ չեմ ասի՝ այն, ինչ տեսնում եմ, որպես փոփոխություն, համարժեք է մեր հնարավորություններին ու համահայկական ներուժին: Եթե մինչեւ այսօր չենք կարողացել ամբողջությամբ վերաբնակեցնել ու վերականգնել Շուշին, այդտեղ ե՛ւ ԼՂ, ե՛ւ ՀՀ իշխանությունները պետք է լռեն, որովհետեւ այնտեղ մի քանի աչք շոյող փոփոխությունները դեռեւս մխիթարություն չեն կարող լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930