Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Արցախը Հայաստանի էկոնոմիկայի «դրայվերն է» 2015-ին ԼՂՀ-ում ՀՆԱ-ն աճել է 9.1%-ով

Նոյեմբեր 07,2016 21:30

ԼՂՀ-ում վերջին 10 տարիների ընթացքում իրականացվող տնտեսական քաղաքականության շնորհիվ ապահովվել է կայուն տնտեսական աճ, որի միջին տարեկան ցուցանիշը կազմել է մոտ 10%: 2015 թվականի համախառն ներքին արդյունքն՝ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 9,1%-ով, կազմելով 438 միլիոն դոլարին համարժեք դրամ: 2015 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3 հազար դոլար, որը մոտ 4 անգամ գերազանցում է 2006 թվականի մակարդակը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարությունը:

Արցախի Տիգրանակերտ քաղաքի ամրոցում ԼՂՀ եւ Հայաստանի վարչապետների ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ այս տարի ակնկալվում է տնտեսության երկնիշ աճ, Հայաստանի տնտեսության աճի դանդաղումը կախված է Ռուսաստանի տնտեսությունից, իսկ Արցախի տնտեսության աճի վրա ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսությունը, ինչպե՞ս է Արցախին հաջողվում ՀՆԱ-ի նման աճ ապահովել, ո՞րն է այդ գաղտնիքը եւ ինչո՞ւ Արցախի կառավարությունը չի կիսվել դրանով:

«Ինչո՞վ, աճո՞վ»,-հարցին ի պատասխան հումոր արեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Իսկ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ աճն ապահովող հիմնական ճյուղը էներգետիկան է, փոխվել է նաեւ ՀՆԱ աճի կառուցվածքը.«ՀՆԱ-ի աճն ապահովող ոլորտը հիդրոէներգետիկան է: Եթե 2002 -2007 թվականներին միջինը 90 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա էր արտադրվում, ապա այս տարի՝ 300 միլիոն, եւ գնալով ավելանում է: Դա միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը չէ, դա շինարարություն էլ է: Ինչո՞ւ դա Հայաստանում չկա, որովհետեւ Հայաստանում այդ պոտենցիալն օգտագործել են 2000-2008 թվականներին: Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը փուլերի է բաժանվում է՝ 1992-1996 թվականներ, երբ Հայաստանն ամեն ինչով աջակցում էր Ղարաբաղին: 1996-2008 թվականներ, երբ ոչ մի բանով չէր աջակցում, բացի միջպետական վարկ էր տրամադրում, դրա տրամաբանությունն էլ ուրիշ էր: Եւ 2009-ից մինչ օրս, որ ամեն ինչով աջակցում է, մանավանդ ներդրումային դաշտի զարգացման եւ խթանման ուղղությամբ, որի արդյունքում ապահովել ենք բավականին մեծ ներդրումներ: Առաջինը՝ ՀԷԿ-երը, էներգետիկա, մոտ 50 միլիոն դոլար ներդրում այս տարի, հանքարդյունաբերություն՝ Կաշենի հանքը սկսեց աշխատել, նաեւ գյուղատնտեսությունը, առավելությունն այն է, որ պետական բյուջեով աջակցել ենք գյուղատնտեսությանը»:

«Աճի հարցով չեմպիոն են, նորաձեւության համարձակ քայլերով չեմպիոն են»,-արձագանքեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նաեւ ասաց՝ եթե կարողանանք աշխուժացնել Հայաստանի հանրապետության տնտեսությունը, դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու: Արցախի վարչապետն էլ նկատեց՝ Ղարաբաղի տնտեսական աճն իր դրական ազդեցությունն է թողնում նաեւ Հայաստանի տնտեսության վրա, որովհետեւ այդ ներդրումները, որ կատարվում են, օրինակ՝ շինարարության ոլորտը, ցեմենտ ու այլ շինանյութ ձեռք է բերվում Հայաստանից: «Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի «դրայվերնա»,-ասաց Կարեն Կարապետյանը:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը զուգահեռներ անցկացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիներին Հայաստանի` Լեռնային Ղարաբաղին տրամադրած աջակցությունների միջեւ` ընդգծելով, որ մինչ 2008 թվականը Արցախը տնտեսական աճ չի արձանագրել, որը ոչ թե Արցախյան իշխանության բացթողումն է եղել, այլ Հայաստանի: «Տիգրան Սարգսյանի հետ հերթական հանդիպման ժամանակ ես շնորհակալությունս եմ հայտնել ու համեմատել պատերազմական տարիների հետ, երբ որ Հայաստանը լինելով ծանր վիճակում ամեն ինչով աջակցում էր, իհարկե, այսօր էլ այդպես էր, երեկ էլ այդպես էր` մանավանդ 2008 թվականից սկսած: Հատուկ ուշադրություն դարձրեք 2008 թվականից սկսած մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ ոչ միայն սահմանափակվում էր ֆինանսական միջպետական վարկով, այլ ներդրումներ ներգրավելու, տարբեր ծրագրեր իրականացնելու առումով: Իսկ մինչեւ 2008 թվականը այդպիսի հնարավորություններ չկար, դրա համար էներգետիկան չէր զարգանում Արցախում, գյուղատնտեսությունում ակտիվ վարկավորում չէր կատարվում, դրա համար 1996 թվականից մինչեւ 2008 թվականը մի նոր տեխնիկա Ղարաբաղ չի եկել: Դա Ղարաբաղյան իշխանության անգործության արդյունքը չէր: Այո, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այն վերաբերմունքը չկար, ինչպիսին որ այսօր ունենք: Դրա համար մեզ հաջողվում է ավելի մեծ տնտեսական աճ ապահովել: Իսկ թե ինչ թիվ էր 2008-ը, դուք գիտեք` ինչ թիվ էր Հայաստանի Հանրապետության համար»:

Մանրամասն՝ տեսանյութում  

https://www.youtube.com/watch?v=fICROUKN5fs&feature=youtu.be

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930