Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայրը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

Նոյեմբեր 07,2016 21:00

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց  2010 թվականին բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի բողոքը։ Նա պահանջել էր վերացնել Քննչական կոմիտեի՝ անցած տարվա դեկտեմբերի յոթի և Զինվորական դատախազության այս տարվա փետրվարի 19-ի որոշումները՝ իր որդու գործի վարույթը կասեցնելու մասին:

«Հույսներս վաղուց ենք կտրել, որ մի բան տղայիս գործով կփոխվի, բայց միեւնույնն է պայքարելու ենք, որովհետեւ ինչ-որ մի տեղ հույս է մնում, որ արդարությունը կվերականգնվի, թեկուզ իշխանություն կփոխվի, բայց կվերականգնվի: Ես չեմ հանձնվելու կբողոքարկեմ Վերաքննիչ դատարան, դրանից հետո՝ Վճռաբեկ: Ասել եմ, որ եթե Վճռաբեկ դատարանն էլ ոչինչ չարեց, կբողոքեմ, գործը կուղարկեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Ամոթ թող լինի հենց մեր պետությանը, որ մեր Հայաստանի հանրապետության զինվորին սպանում են, եւ այդ գործը բացահայտելու համար մենք պետք է դիմենք Եվրոպական դատարան: Ամոթ լինի այս երկրին, եւս մեկ անգամ թող խայտառակվեն, ինչ կարող ենք մենք անել այս իշխանության, այս համակարգի դեմ: Համակարգային փոփոխություն պետք է լինի, որ ինչ-որ արդյունքի հասնենք»,- Aravot.am-ին ասաց Նանա Մուրադյանը:

Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2010 թվականի մարտի 15-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի զինծառայող Վալերի Մուրադյանը ինքնասպան է եղել կախվելու միջոցով։

Հիշեցնենք նաեւ, որ որդու մահվանից տասնվեց տարի անց տիկին Մուրադյանը չի դադարեցնում իր պայքարը՝ պնդելով, որ որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են. «Տղայիս գործով ոչ մի փորձաքննություն պատշաճ չի կատարվել: Կարեւոր իրեղեն ապացույցներից՝ տղայիս կոշիկներից ու աթոռից, հետքեր չեն վերցրել: Եթե իրենց ասելով՝ տղաս աթոռը վերցրել, գնացել է դեպքի վայր ու կանգնել այդ աթոռի վրա ինքնասպանություն գործել, պետք է հետքեր լինեին, մատնահետքեր լինեին: Քննիչին հարցնում ենք՝ ինչու չես վերցրել, ասում է դիակի ստորին վերջույթների ու գուլպաների վրա վնասվածքներ չենք հայտնաբերել, կարեւոր չեմ համարել կոշիկները փորձաքննության ենթարկել: Բա կոշիկները որտեղ է, հարցնում ենք, ասում է՝ մնացել է կամ զորամասում կամ իրեղեն ապացույցների պահման սենյակում, այն պարագայում, երբ ինքը թվարկել է, որ դեպքի վայրից առգրավել է համազգեստն ու զինվորական կոշիկները, բայց կոշիկները այդ հագուստի հետ չէ: Այսինքն, դիտավորյալ կոշիկները վերացրել է, որ հետքեր չվերցնեն, գործը տանեն փակուղի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930