Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի նախաձեռնությունը նոյեմբերի 7-ին իր նամակ-պահանջը փոխանցեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, առողջապահության նախարարություն եւ հանդիպում ունեցավ այդ մարմինների ներկայացուցիչների հետ:
Նախաձեռնության անդամները ցանկացան հանդիպել նաեւ արդարադատության նախարարության ներկայացուցչի հետ, սակայն նախարարությունում համաձայն չէին հանդիպել լրագրողների ներկայությամբ, այդ իսկ պատճառով նրանք պարզապես փոխանցեցին նամակը:
Այդ նամակ պահանջի օրինակը փոխանցեցին նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին՝ փոխանցելու համար Առողջապահական իրավունքի 1-ին՝ «Մարդու իրավունքները եւ առողջապահությունը» խորագրով միջազգային համաժողովին:
Կարդացեք նաև
Այնտեղից երթով շարժվեցին դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ եւս թույլատրեցին նախաձեռնության անդամներ Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին եւ Հովհաննես Հարությունյանի քրոջը՝ Թամարա Հարությունյանին ներս մտնել եւ հանձնել նամակը:
Թամարա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի հասկանում, թե ինչու վիրահատություն չի կատարվում. «Հովհաննեսը, երբ կանգնում է, իր ոտքերն ահավոր տարբեր են: Հիվանդ ոտքը շատ է նիհարել, եւ երբ որ երկու րոպեից ավել ինքը ոտքի վրա է մնում, ուղղակի այդ ոտքի տարբերության տեսարանը ցնցող է: Եթե չեն հավատում ինձ, փաստաբանին, թո՛ղ նկարեն ցույց տան, չեմ հասկանում ո՞ր թիվն է»:
Նա հավելեց, որ Հովհաննես Հարությունյանը տեղյակ չէ բողոքի ցույցերի մասին եւ նույնիսկ արգելել է իրեն. «Բայց ես քույր եմ, մեր փոքր եղբայրն է, իր ամեն ինչի համար մամային մենք ենք պատասխանատու եղել: Ես չէի կարող ուղղակի ձեռքերս ծալած նստել»:
Հիշեցնենք, որ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնությունը պահանջում է թույլատրել նախաձեռնության վստահած պատվիրակությանը տեսակցել Հովհաննես Հարությունյանին, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտության, պատասխանել, թե ինչու չի իրականացվել վիրահատություն, վերացնել Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը, որպեսզի ապահովվի Հովհաննես Հարությունյանի լիարժեք բուժումը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ