Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան. «Դիտավորյալ կոծկվել են ոստիկանների հանցագործությունները» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 18:45

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Նոր Հայաստան» շարժման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի բողոքի քննությունն ընդդեմ 2016թ.-ի հունվարի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանների կատարած ապօրինությունների։

Նիստի ընթացքում Գեւորգ Սաֆարյանը դատավորին տեղեկացրեց, որ Ամանորի գիշերն Ազատության հրապարակում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաշքշուկի ժամանակ ոստիկանները քրեորեն պատժելի արարքներ են կատարել քաղաքացիների հանդեպ. «Վկաներն ասել են, որ ոստիկանները հարվածել են իրենց, Գեղամ Խաչատրյանն ինքն է ասել, որ շեշտակի հարված է հասցրել, բայց այս բոլոր վկայությունները քննչական մարմինն անտեսել է»:

Սաֆարյանը նաեւ միջնորդություն է ներկայացրել՝ որոշ տեսագրություններ առգրավվելու նպատակով: «Քրեական գործում առկա տեսագրության մեջ երեք դրվագում երեւում են այն ոստիկանների դեմքերը, որոնք նկարահանում են կատարել: Սակայն քննչական մարմինը չի հայտնաբերել այդ ոստիկաններին եւ նրանց կատարած տեսագրությունները: Դա թերացում չէ, այլ կոպիտ խախտում»,-ասաց նա:

Սաֆարյանի խոսքով՝ նախաքննությունը ոչ միայն թերի է կատարվել, այլ դիտավորյալ կոծկվել են ոստիկանների կատարած հանցագործությունները. «Ոստիկանությունն եւ ՀՔԾ-ն դատախազության հետ միասին քաղաքական պատվեր են կատարում՝ իմ եւ «Նոր Հայաստան» շարժման հանդեպ քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը Գեւորգ Սաֆարյանի պնդումներն անհիմն որակեց՝ ասելով. «Պարզվել է, որ ոստիկանների կողմից մեկ տեսագրություն է կատարվել, որն էլ ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, իսկ ոստիկանների գործողությունները եղել են օրինաչափ»: Նաեւ վստահեցրեց, որ քաղաքական հայացքները նշանակություն չունեն. «Քննությունը կատարվել է բազմակողմանի եւ օբյեկտիվ»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:30-ին: Հավելենք, որ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն անցնում է մեկ  այլ քրեական գործով, որով նա մեղադրվում է Ոստիկանության ծառայող Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երեւանում կարգ մը անձերի մօտ հաստատված է այն հետաքրքրական ըմբռնողությունը թէ, Օրէնքի հիման վրայ իսկ, եթէ ոստիկան մը բռնի ուժ բանեցնէ քաղաքացիի մը նկատմամբ, վերջինս իրաւունքը ունի, բառին օրինական-սահմանադրկան իմատով՝ իրաւունքը, բռնի ուժ կիրառելու ոստիկանին դէմ: Իրաւունք մը որ, ըստ անոնց, եւ ինչպէս տեսանք, կը ներառէ ոստիկան սպանելու այլընտրանքը…

    Այս շշմեցուցիչ ըմբռնողությունը լսում ենք տեւաբար, ոստիկանի վրայ ձեռք կամ զէնք բարձրացուցած մեղադրեալների խօսքերուն մէջ, ինչպէս նաեւ անոնց ջատագովների մօտ:

    Տարրական դաստիարակության լուրջ խնդիր կա այստեղ, եւ հայտնի իսկ չէ թէ ով է կատարելու այդ էական գործը:

    Ըստ Օրէնքի, բիրտ ուժի կիրառումը մենաշնորհն է Պետության: Յանում կարգ ու կանոնի, հանրային անդորրության, ընդհանուր Ընկերութեան եւ համայն քաղաքացիների պաշտպանության:

    Եթէ այդ օրինական բռնի ուժը սխալ կերպով գործադրվի, անշուշտ թէ կան օրինական-վարչական-դատական միջոցներ անոր դէմ: Սակայն, ըստ Օրէնքի, չկա, չի կրնար ըլլալ՝ մարմնային բրտությամբ, իր պաշտօնը կատարող ոստիկանին հակադարձելու որեվէ իրաւունք: Վստահաբար ոչ, երբ որ նախնական բրտությունը իսկ ոստիկանին դէմ է:

    Հետեվաբար, եթէ քաղաքացի մը ուզում է ոստիկանի մը հետ մարմնային կռիվ ընել, անոր զարնել, վրան թքել, քար նետել կամ նոյնիսկ կրակել, նա անհատական ազատությունը ունի այդ բան ընելու, հաստատ: Սակայն չունի, ըստ Օրէնքի, այդ արարքը զործելու իրավունքը:

    Ուրեմն, որ ուզում էք, դեհ լաւ՝ մարմնապէս դէմ դրէք, զարկէք, քար նետեցէք, թքեցէք (ասելով թէ երանի ձեռս մուրճ ունենայի որ գլխին տայի…), կրակեցէք ոստիկաններուն վրայ, սակայն հետո՝ դիմագրավելու էք օրինական հետեւանքները այդ արարքներին: Այդ ուղղությամբ օրինական իրաւունքի ետեւ ապաստանելու ջանքերը բացահայտօրէն անհեթեթ են:

    Կա անշուշտ մի այլ մօտեցում՝ Պետություն չկա, Օրէնք չկա, ուրեմն ուզածս կ’անեմ: Շատ բարի, սակայն այդ պարագային իսկ անհնար է ուրեմն ասել թէ՝ ըստ Օրէնքի, անմեղ եմ: Նոյնիսկ խորապէս անտրամաբանական, հակասական է՝ դատավարության իսկ մասնակցիլ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930