Գազի սակագինը նվազելու դեպքում սովորական սպառողի համար ամռան ամիսներին մեկ ամսվա գազի վճարը կնվազի 600, իսկ ձմռան ամիսներին 1000 դրամով:
«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Հասարակական պաշտպաններ» միության տնօրեն Արամ Գրիգորյանը վստահեցրեց, որ որևէ կառույց իրավունք չունի հայտարարելու, թե սակագին է փոխվելու` բացի այդ գործառույթներն իրականացնող պետական մարմնից` հանձնաժողովից. «Ինձ դուր չի գալիս այն հանգամանքը, որ կարծես թե թելադրանքով է Հայաստանում սակագին սահմանվում` քաղաքական կոնյուկտուրայից ելնելով: Սա ՀՀ տնտեսության զարգացման համար որևէ դրական երևույթ լինել չի կարող: Գազի սակագնի իջեցումը պետք չէր փիառից ելնելով անել, այլ հիմնավորումներով և ապագայի վերաբերյալ կանխատեսումներով»:
Պարոն Գրիգորյանն այնքան էլ արդարացված չի համար հիսուն խորանարդ մետրի մասին հիմնավորումները. «Միջին սպառողն ամսական հիսուն խորանարդ մետրից ավելին է օգտագործում նույնիսկ ամառվա ամիսներին: Ու այս պահի դրությամբ ասել, որ անապահով սպառողական խավերի համար սակագին են իջեցնում, չեմ կարծում, որ արդարացված է»:
Վերլուծելով «Գազպրոմի» ներկայացրած հայտը` պարոն Գրիգորյանը փաստեց, որ այնտեղ որևէ հիմնավորում չկա այն մասին, թե ինչու են այսօր սակագնի նվազման հայտ ներկայացրել. «Մեկ էլ տեսնում ենք, որ ընկերությունը նույն կառավարության հայտարարությունները քոփի փեյսթ արած ներկայացնում է հայտում: Ինձ մոտ սա մտավախություն է ստեղծում, որ որևէ հիմնավորում և հաշվարկ չկա: Ավելին, ՀՀ-ում որևէ կառավարող օղակ չի կարող ասել, թե ինչպիսին է սակագինը, միայն այդ գործառույթներն իրականացնող պետական մարմինը կարող է դա անել, իհարկե, հետազոտությունից հետո»:
Կարդացեք նաև
Պարոն Գրիգորյանն առաջարկում է ոչ թե նվազեցնել սակագինը, այլ այդ գումարները ներդնել հիմնադրամում, որտեղից էլ դրանք կուղղվեն ՀՀ տնտեսության զարգացմանը: Արամ Գրիգորյանի հաշվարկներով` գազի սակագնի իջեցումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի անկմանը, բայց չնչին:
Պարոն Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ 2013-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված գազային պայմանագրի համաձայն` սահմանված է պետական ծախս, որը ոչ ոք չգիտի ինչի համար է. «Ինչի՞ մասին է խոսքը: Այդ ծախսը սակագնի կառուցվածքում երեսուն տոկոս է կազմում: Եթե այդ ծախսը չլինի, 140 դրամ սակագինը երեսուն տոկոսով կիջնի:
Արամ Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում հասարակությունը որոշումների կայացման գործում դերակատարություն չունի, անգամ իրեն օրեր շարունակ «Գազպրոմում» չեն ընդունում, դա էլ վկայում է այն մասին, որ հանրությունը չի մասնակցում երկրի կառավարման գործընթացին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ